Սիրիահայերը արտադրություններ կկազմակերպեն կառավարության հատկացրած տարածքներում
SOCIETYՀՀ կառավարությունը «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության հատկացրեց տարածքներ՝ սիրիահայերին գործարար աջակցություն ցույց տալու նպատակով: Կառավարության հաստատված նախագծով Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող շենքի 2-րդ մասնաշենքի (գրապահոց) 860.5 քառ. մետր մակերեսով նկուղային տարածքը և 1-ին հարկի 649.2 քառ. մետր մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման կտրամադրվեն «Սիրիահայերի միություն» ՀԿ-ին:
«Տարածքում կկազմակերպվեն փոքր արտադրություններ, որոնցում կներգրավվեն Սիրիայից ՀՀ ներգաղթած սիրիահայերը, որոնք ունեն համապատասխան մասնագիտական կարողություններ: «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն ներկայացրել է նաև համապատասխան գործարար ծրագիր»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Կոմիտասի 49/14 հասցեում գտնվող կաթսայատան տարածքը ներկայումս չի օգտագործվում, այդ իսկ պատճառով այն թողնվում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման տնօրինմանը:



