«Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել հունական բարձրագույն խմբում հանդես եկած սերբ պաշտպանի հետ
SPORTԵրևանի «Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել 30-ամյա սերբ պաշտպան Բորիսլավ Յովանովիչի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, փորձառու ֆուտբոլիստը վերջին տարիներին խաղացել է Հունաստանի առաջնության բարձրագույն խմբի «Էրգոտելիս» և «Լարիսա» ակումբներում:
«Շատ ուրախ եմ «Բանանց» տեղափոխվելու կապակցությամբ, արդեն մի քանի օր մարզվում եմ թիմի հետ, լավ տպավորություններ ունեմ, և ամեն ինչ պետք է անենք բարձր տեղեր զբաղեցնելու համար: Այն, որ թիմում արդեն կան սերբ ֆուտբոլիստներ, իհարկե, ուրախալի է ինձ համար, քանի որ ռուսերեն կամ հայերեն չեմ խոսում, գիտեմ միայն անգլերեն, և նրանք ինձ շատ են օգնում: Պետք է ծանոթանամ և տեսնեմ, թե ինչպիսին է Հայաստանը, սակայն «Բանանցի» վերաբերյալ կարող եմ ասել, որ այս մարզահամալիրը և ակումբի կազմակերպվածությունը մեծ անակնկալ էին ինձ համար: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի թիմին բարձրացնենք առաջատար դիրքեր»,- ասել է Յովանովիչը:
«Բորիսլավ Յովանովիչը փորձառու ֆուտբոլիստ է, հանդես է եկել Հունաստանի ուժեղ առաջնությունում և իր մեծ փորձով կարող է շատ օգտակար լինել «Բանանցին»: Պաշտպանությունում կարևոր է նման փորձառու խաղացողի առկայությունը, ինչը կնպաստի ընդհանուր թիմային պաշտպանության և խաղի բարելավմանը: Յովանովիչն այնքան էլ լավ մարզավիճակում չի ներկայացել «Բանանց», բայց որոշ ժամանակ անց կլինի լավ մարզավիճակում և կօգնի թիմին»,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: