ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի սահմանում սկսվել Է բաժանված ընտանիքների հանդիպումը
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի մի քանի հարյուր բնակիչներ են մասնակցում այն ընտանիքների անդամների հանդիպումներին, որոնք բաժանվել են 1950-53 թվականների Կորեական պատերազմի հետեւանքով: Հանդիպումներն ընթանում են Կիմգանսան սահմանամերձ շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Ռյոնհապ» հարավկորեական գործակալության տեղեկատվության համաձայն՝ Հարավային Կորեայի քաղաքացիների առաջին խումբը մասնակցում Է հանդիպումների առաջին փուլին, որն ընթանում Է հոկտեմբերի 20-ից մինչեւ 22-ը:
Եվս 250 մարդ կմասնակցի երկրորդ փուլին, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-26-ին: Փուլերից յուրաքանչյուրը բաղկացած Է վեց երկժամանոց հանդիպումներից:
Դրանց մասնակիցներից շատերը ԿԺԴՀ-ից իրենց ազգականների համար բերում են հագուստ, սնունդ, ատամի մածուկ կամ փող:
Բաժանված ընտանիքների հանդիպումներն առաջին անգամ անցկացվել են 2000 թվականին եւ այն ժամանակվանից տեղի են ունենում անկանոն՝ կախված ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի փոխհարաբերությունների վիճակից: Վերջին նման հանդիպումն անցկացվել Է անցյալ տարվա փետրվարին, իսկ մինչ այդ ընտանիքները հանդիպել են միայն 2010 թվականին:
Կորեական պատերազմն ավարտվել Է զինադադարով, որի պայմանների համաձայն՝ կռվող կողմերը սահմանազատվել են 38-րդ զուգահեռականով: Տարանջատիչ գծի տարբեր կողմերում հայտնվել են միլիոնավոր ընտանիքներ:



