«Բազե»-ի այս տարվա հավաքը հագեցած է լինելու մարզական միջոցառումներով
SPORT«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի կանցկացվի օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս տարվա հավաքին մասնակցում են շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մարզական ղեկավար Գրիգորի Ամբարյանը այս միջոցառման հնաբնակներից է, հավաքին մասնակցում է 2004 թվականից՝ նախ որպես մասնակից, այնուհետև որպես մրցավար, ճակատի, հավաքի մարզական ղեկավար։
Նա նշում է, որ ամենամեծ ձեռքբերումներից մեկը, որ ունեցել է «Բազե»-ում, փորձի կուտակումն է և բազմաթիվ ընկերները։
Վերհիշելով 10-15 տարի առաջ անցկացված հավաքները՝ Գրիգորի Ամբարյանը նկատում է, որ այս տարիների ընթացքում հազարավոր երիտասարդներ են ներգրավվել «Բազե»-ի շրջանակներում։ 15 տարում բազմաթիվ միջոցառումներ են կայացել. դրանց մի մասը պահպանվել է, ավանդական մրցույթներին ավելացել են նոր մրցաձևեր, սակայն տարիների ընթացքում պահպանվել է «Բազե»-ի առաքելությունը՝ ստեղծել մրցակցային մթնոլորտ, երիտասարդներին տալ սեփական կարողությունները դրսևորելու հնարավորություններ։
«Բազե»-ի օրակարգում ընդգրկված են բազմաթիվ մարզական մրցույթներ՝ վոլեյբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, բազկամարտ, լող, շախմատ և այլն։ Գրիգորի Ամբարյանը նկատում է, որ «Բազե»-ում հիմնականում հաղթում է այն ճակատը, որը բարձր միավորներ է հավաքում մարզական միջոցառումներից։ Մարզական ղեկավարը նաև նշում է, որ մարզական միջոցառումներին հավաքում մեծ ուշադրություն են դարձնում, քանի որ սպորտը համախմբող, ոգևորող, երկրպագուների ադրենալինը բարձրացնող ոլորտ է, այդ իսկ պատճառով մարզական միջոցառումները բավականին ակտիվ են անցնում։
Գրիգորի Ամբարյանն ընդգծում է, որ ճակատների մարզական ղեկավարները մասնակցում են «Բազե»-ի ջոկատների կազմավորմանը և շահագրգռված են ընտրել տարբեր մարզաձևերից լավագույն երիտասարդներին, որպեսզի կարողանան բարձր ցուցանիշներ արձանագրել։ Գրիգորի Ամբարյանը համոզված է, որ այս տարի նույնպես, ինչպես նախորդ տարիներին, մարզական միջոցառումները «Բազե»-ում անցնելու են բարձր մակարդակով։ Ի դեպ, մրցաշարերն անցկացվում են ազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ։
«Բազե»-ի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։