Բացահայտվել են բիզնեսի տրոհման և այդ կերպ շրջանառության հարկման դաշտում քողարկման դեպքեր
SOCIETYՍտվերի դեմ պայքարի եւ հարկային կարգապահության արդյունավետության բարձրացման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի շարունակական միջոցառումների ու վերլուծությունների արդյունքում վեր են հանվում ռիսկային տնտեսվարողների տվյալները եւ ի հայտ եկած ռիսկերի հիման վրա իրականացվում են թիրախային հսկողական միջոցառումներ: Մասնավորապես, օրերս Արմավիրում բացահայտվել են բիզնեսի տրոհման եւ այդ կերպ շրջանառության հարկի դաշտում քողարկվելու մի շարք դեպքեր: Պարզվել է, որ իրացման շրջանառության շղթայի մասնատման եւ վարձու աշխատողներին սահմանված կարգով չձեւակերպելու միջոցով որոշ հարկ վճարողներ թերհայտարարագրել են պետական բյուջե վճարման ենթակա հարկի զգալի գումարներ: Գործելով որպես առանձին հարկ վճարող, յուրաքանչուրն իր հերթին, գրեթե տասնապատիկ թերհայտարարագրել է փաստացի իրացման ծավալները: Ընդհանուր առմամբ, մեկ անձի կողմից ղեկավարվող` հարկ վճարողների խմբում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպման ենթակա չգրանցված 40-ից ավելի վարձու աշխատող:
Դեպքի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են:



