Նիկշա Բավցևիչ. Մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը
SPORT2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն օգոստոսի 19-ին սեփական հարկի տակ կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Միայն այս հանդիպումից հետո պարզ կդառնա, թե որ թիմերն են անցնում հաջորդ փուլ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է առաջիկա որոշիչ խաղի մասին.
«Բոսնիա և Հերցեգովինան շատ լավ թիմ է ու տհաճ մրցակից: Մենք մեծ խնդիր ենք ունեցել նրանց երկրում խաղալիս: Վաղը մեզ համար հավելյալ ճնշում կլինի, քանի որ վերջին և որոշիչ խաղն է: Բոսնիացիները միջազգային ավելի մեծ փորձ ունեն, քան մենք: Բայց, մյուս կողմից մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը՝ մեր երկրպագուների աջակցությունը:
Հույս ունեմ, որ մարզադահլիճը լեփ-լեցուն կլինի, որովհետեւ այս խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում: Բոսնիա և Հերցեգովինայի բասկետբոլիստ Ջանան Մուսան NBA-ի ապագա խաղացող է: Նախորդ հանդիպմանը նա մեզ համար շատ խնդիրներ էր ստեղծել: Եւ, մեր թիվ մեկ առաջադրանքներից է՝ կանգնեցնել այդ տաղանդին»,- նշել է Բավցևիչը:
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ Հայաստան չի ժամանել թիմի գլխավոր մարզիչ Դուշկո Վույոշևիչը: Նիկշա Բավցևիչը կարծիք է հայտնել, թե որքանով դա կանդրադառնա այս հանդիպման վրա.
«Ցավոք, Բոսնիայի գլխավոր մարզիչն առողջական խնդիրներ ունի ու չի կարողացել գալ խաղին: Մենք վաղեմի գործընկերներ ենք, Վույոշևիչը շատ լավ մարզիչ է: Կարծում եմ՝ նրա բացակայությունը կազդի թիմի մոտիվացիայի վրա: Բայց նա նախապես պատրաստել է իր թիմին»,- ասել է Նիկշա Բավցևիչը:
A խմբի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովիա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ): Խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին: