Կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող չորս տնտեսավարողի գործունեությունը
ECONOMICSՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է տարեսկզբից սկսած պետական վերահսկողության միջոցառումները զովացուցիչ ըմպելիքների շուկայում. այս ընթացքում արդեն ուսումնասիրություն է կատարվել 34 տնտեսավարողի մոտ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, հաշվի առնելով ամենօրյա հսկողության արդյունքներն ու առկա տեղեկատվությունը՝ ծառայությունը, մասնավորապես, վերահսկողություն է իրականացնում Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունների մոտ՝ Ա/Ձ Արտակ Գևորգյան, Ա/Ձ Խաժակ Ենոքյան, Ա/Ձ Մուրադ Հովսեփյան, Ա/Ձ Արգամ Ասլանյան: Պետական վերահսկողության շրջանակում վերը նշված բոլոր տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են ինչպես սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներ, այնպես էլ մակնշմանը և համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Քանի որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, արտադրամասերում առկա բոլոր խմբաքանակների իրացումը կասեցվել է, միաժամանակ՝ տրվել են իրացման ցանցերում գտնվող ամբողջ արտադրանքի և արտադրատեսակների հետկանչի կարգադրագրեր. չորս տնտեսավարողի արտադրական գործընթացն էլ կասեցվել է:
Կասեցված ապրանքանիշներն ու արտադրամասերում առկա քանակներն են. «Գետափ»՝ 1 լ տարողությամբ 47 շիշ (արտադրող՝ Ա/Ձ Արտակ Գևորգյան), «Սառնաղբյուր»՝ 1 և 1.5 լ տարողությամբ 86 շիշ (արտադրող՝ Ա/Ձ Խաժակ Ենոքյան), «Եղեգիս»՝ 1 և 1.5 լ տարողությամբ 200 շիշ (արտադրող՝ Ա/Ձ Մուրադ Հովսեփյան), «Ձորն Անուշ»՝ 0.5 լ տարողությամբ 115 շիշ (արտադրող՝ Ա/Ձ Արգամ Ասլանյան): Դրանցից իրականացվել են նմուշառումներ և տրվել լաբորատոր փորձաքննության, արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
Հաշվի առնելով արձանագրված խախտումների բնույթը՝ ՍԱՊԾ-ը սպառողներին զգուշացնում է՝ չգնել վերը նշված արտադրողների արտադրանքը մինչև տնտեսավարող սուբյեկտները չվերացնեն խախտումները: Այդ մասին կհայտարարվի լրացուցիչ: