«Ալաշկերտ»-ը համալրել է կազմը նոր դարպասապահով
SPORTՄինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ևս մեկ համալրում ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտ»-ի կազմը համալրել է մակեդոնացի դարպասապահ Դարկո Տոֆիլոսկին, ով երկրորդ մարզումն է անցկացրել թիմի կազմում:
Դարպասապահն իր կարիերան սկսել է Մակեդոնիայի «Պոբեդա» թիմում, որում հանդես է եկել 2005-2008 թթ.` դառնալով 2006 թ. Մակեդոնիայի չեմպիոն: Այնուհետև նա մեկ մրցաշրջան անցկացրել է շվեյցարական «Շաֆհաուզենում»:
2010-ին Տոֆիլոսկին տեղափոխվել է Սլովակիայի «Կոշիցե» և 5 տարվա ընթացքում շուրջ 150 հանդիպում է անցկացրել, դարձել է թիմի ավագը: 2013-ին «Կոշիցեի» կազմում նվաճել է Սլովակիայի գավաթը:
2015-2016 թթ. Դարկոն պաշտպանել է Սլովակիայի «Ռուժոմբերոկի» գույները, որի կազմում այդ ժամանակ հանդես էր գալիս նաև «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանը:
Դարկո Տոֆիլոսկու նախորդ ակումբը Սլովակիայի «Դունայսկա Ստրեդան» էր:
194 սմ հասակ ունեցող դարպասապահը հանդես է եկել Մակեդոնիայի Մ-17, Մ-19 հավաքականներում, 16 հանդիպում է անցկացրել երիտասարդական հավաքականի կազմում: 2013-ին Տոֆիլոսկին իր նորամուտը նշել է նաև Մակեդոնիայի ազգային հավաքականում` մասնակցելով Նորվեգիայի հետ խաղին: