Խստացվել է սպայական պաշտոնի նշանակման կարգը. ԱԻՆ
SPORTՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի հրամանով ստեղծվել է Փրկարար ծառայությունում սկզբնական սպայական պաշտոններում նշանակելու համար մրցույթի անցկացման հանձնաժողով: Սահմանվել են նաև մրցութային հանձնաժողովի կազմը, աշխատակարգը և մրցույթի չափորոշիչները:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հանձնաժողովը մրցույթն անցկացնում է «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ՓԾ կրտսեր խմբի պաշտոններից սկզբնական (լեյտենանտ) սպայական պաշտոններում նշանակվող, ինչպես նաև պահեստազորից, այլ պետական մարմիններից և փրկարարական ծառայության սկզբնական սպայական պաշտոններում նշանակվելու համար դիմած քաղաքացիներից փրկարարական ծառայության անցնող անձանց գործնական ունակությունների, մասնագիտական պատրաստվածության, անձնական, բարոյական հատկանիշների, կրթության, առողջական, հոգեբանական և ֆիզիկական պատրաստականության վիճակը ստուգելու համար:
Ընդհանուր զարգացվածության և գիտելիքները ստուգելու համար կիրառվում են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից կազմված հարցաշարեր:
Մրցույթի արդյունքներով թափուր պաշտոնի նշանակման համար առավելություն տրվում է մրցութային կարգով առավելագույն արդյունք ցուցաբերած, իսկ հավասար արդյունքների դեպքում՝ ավելի երկար ծառայողական ստաժ ունեցող ծառայողներին:
Օրերս տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ: Սպայական պաշտոններում նշանակվելու համար անցկացվող մրցույթին մասնակցել է 26 մարդ, որոնցից 10-ը չեն հաղթահարել ֆիզիկական պատրաստվածության նվազագույն շեմը և չեն մասնակցել հետագա փուլերին:
Հաշվի առնելով ֆիզիկական պատրաստվածությունը, հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական չափորոշիչները, ատեստացիայի միավորները, ինչպես նաև ընդհանուր զարգացվածության արդյունքները՝ հանձնաժողովը հաղթող է ճանաչել 6 դիմողի, որոնք կստանան փ/ծ լեյտենանտի կոչում և ծառայության կանցնեն ՓԾ օպերատիվ կառավարման, ինչպես նաև Երևանի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններում:
Ելնելով ցուցաբերված գիտելիքի և պատրաստվածություն բարձր աստիճանից՝ հանձնաժողովն առաջարկել է ղեկավարությանը համապատասխան թափուր հաստիքի դեպքում ևս 3 փրկարար ծառայողի նշանակել սպայական պաշտոնի: