Թբիլիսիում այսօր խաղաղ է. Ճանապարհները բաց են
INTERNATIONAL NEWSՎրաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով մահացած հայ 4 կանանց հոգեհանգստի արարողությունը երեկ կայացել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսապանությունից:
Արարողությունից հետո հայ երիտասարդները գնացել են եւ մասնակցել փողոցների մաքրման աշխատանքներին: Դեսպանատնից փոխանցեցին, որ այսօր արդեն Թբիլիսիում խաղաղ վիճակ է, ամբողջ օրը ծառայությունները աշխատել են, մաքրել ճանապարհները, դրանք արդեն բաց են:
Ջրհեղեղի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 15-ի, երեկ նորից դիակ են գտել: Դեսապանատնից հայտնեցին նաեւ, որ հայտարարել են, որ մարդիկ կարող են ազատ շրջել քաղաքով, վտանգավոր կենդանիներ դրսում չկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 14-ին Թբիլիսիում աննախադեպ տեղատարափից հետո տեղի է ունեցել ջրհեղեղ: Նախնական տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, կա 16 անհետ կորած, ավելի քան 30 մարդ վիրավորվել է: Հեղեղվել էր նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգին, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։
Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:



