Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյան. Խաղը փոխեցին երկու կոպիտ սխալները
SPORTԵվրոպայի 2019թ. երիտասարդական առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Հայաստանի մինչև 21 տարեկանների ընտրանին սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց Մակեդոնիայի ընտրանուն` 0:3:
Հանդիպումից հետո Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը պատասխանեց լրագրողների հարցերին.
- Երկու կոպիտ սխալից հետո գոլ բաց թողեցինք, երկրորդ խաղակեսում փորձեցինք ամեն ինչ հետ բերել, սակայն գոլային պահերի վերջնամասը չէինք կարողանում ստեղծել: Ինձ թվում է` խաղը փոխեցին երկու կոպիտ սխալները:
Առաջին խաղակեսում չէինք կարողանում գնդակը մեզ մոտ պահել: Դա գալիս էր կիսապաշտպանությունից: Երկրորդ խաղակեսում մեզ մոտ դա մի փոքր լավ ստացվեց, կարողացանք գրոհներ ձեռնարկել:
Մի քանի օր առաջ Ռուսաստանի ընտրանու հետ շատ դժվար խաղ ենք անցկացրել: Չեմ ցանկանում պատճառներ նշել, բայց ամեն դեպքում, ժամանակ կար և թվում էր, թե վերականգնվել ենք: Խաղից նկատվեց, որ տղաների մոտ թարմության պակաս կար:
- Վահան Բիչախչյանն ու Հայկ Գալստյանը խաղու՞մ են այն խաղը, որոնք ցույց են տալիս իրենց ակումբներում: Ստացվո՞ւմ է նրանց խաղը: Գո՞հ եք իրենցից:
- Դե նախևառաջ նրանք իրենց ակումբում խաղում են ավելի փորձառու ֆուտբոլիստների հետ: Այստեղ նրանք խաղում են ավելի ցածր մակարդակի առաջնության ֆուտբոլիստների հետ: Իմ կարծիքով` նրանց ցանկությունը մեծ էր: Ճիշտ է առաջին բաց թողնված գոլի դրվագում նա սխալվեց, բայց նրա խաղալու ցանկությունն ավելի մեծ է: Ժամանակ առ ժամանակ նրան ասում եմ, որ ավելի քիչ վազի և դուրս չգա իր դիրքից: Նրանց ցանկությունը շատ մեծ է:
Հետևել ենք Օհան Ջորկաեֆի խաղերին, հրավիրել ենք և դիտել նրա խաղը: Ասեմ, որ վատ տպավորություն չի թողել: Փաստաթղթերի խնդիրները լուծելու դեպքում կարող ենք նրան տեսնել հավաքականում: