Գուսան Հայկազուն. «Պետք է ազատվել վատ մարդկանցից և վատ հիշողություններից»
SOCIETYՕրեր առաջ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը ավագանու նիստին ներկայացրել էր մի քանի փողոցների անվանափոխության վերաբերյալ նախագիծ, ըստ որի նրանք ցանկանում են անվանափոխել մայրաքաղաքի հինգ փողոց և մեկ պողոտա՝ Լենինգրադյան, Կասյան, Միկոյան, Ամիրյան, Ֆրունզեի փողոցները և Իսակովի պողոտան:
Այս ամենի վերաբերյալ Past.am-ը զրուցել է երգահան, մշակույթի վաստակավոր գործիչ ու արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունի հետ:
– Պարոն Հայկազուն, դուք այս նախագծին ինչպե՞ս եք վերաբերվում: Դրակա՞ն եք համարում սա, և արդյոք նման փոփոխությունների կարիք Երևանում կա՞:
– Ասում են՝ մահացածների հետևից չեն խոսում: Սակայն մահացած կլինի, թե կենդանի, լավի մասին պետք է լավն ասել, վատի մասին՝ վատը: Ես մինչ «Ելքի» կողմից այդ նախագծի ներկայացումը տարիներ շարունակ շատ վատ եմ զգացել, քանի որ այդ տականք Նաիրի Զարյանի նման մարդու անունով դպրոց ու փողոց կա: Կամ Կասյան փողոցը, երբ այն մի ժամանակ փոխվեց Սիամանթոյի, ես այնպիսի սիրով էի նստում տաքսի ու ասում դեպի Սիամանթոյի փողոց, սակայն, ցավոք, այն նորից փոխվեց:
Միանշանակ, պետք է վատ մարդկանցից ու վատ հիշողություններից ազատվել: Ի՞նչ է նշանակում: Մարդը կարող է այս ազգի գլխին ինչեր ասես, որ չանի ու փառաբանվի՞: Ոչ, պետք է մաքրել, բայց շատ զգուշորեն, և բոլոր դավաճանների անունները պետք է մաքրել: Սակայն համատարած հերոսների անուններ դնելն այսօր այնքան էլ ճիշտ չէ: Իհարկե, արժանիներ ունենք, սակայն ուզում եմ ասել, որ դեռ կյանքը շարունակվում է, վաղն էլ հերոսներ ու արժանի մարդիկ ենք ունենալու, պետք է տեղեր պահել հետագա անվանափոխությունների համար նույնպես: Ինչպես ասացի վատ մարդկանց պետք է միանգամից հանել, իսկ միջիններին թողնել հետագայի համար:
– Դուք ո՞ւմ եք միջին համարում:
– Նրանց, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Մենք վաղը նույնպես հերոսներ ու մշակույթի գործիչներ կունենանք, ովքեր արժանավոր են: Տեղ պահենք նաև վաղվա սերնդի համար: Իսկ դավաճաններին անմիջապես փոխել է պետք:
– Այն, որ իշխանություններն այնքան էլ կողմ կամ պատրաստ չեն այդ անվանափոխումներին, ըստ Ձեզ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել:
– Դա դարձել է բնավորություն, իշխանությունները ոչնչին էլ պատրաստ չեն միանգամից արձագանքելու, կտրուկ փոփոխություններին պատրաստ չեն, որը ճիշտ չէ: Ամեն ինչն էլ պետք է փոխվի: Անկախություն ենք ձեռք բերել, 25 տարվա պետություն ունենք և դեռ այնքան բաներ կա փոխելու՝ ոչ միայն փողոցների, այլև դպրոցների անուններ: Պետք է ռիսկով լինել:
– Պարոն Հայկազուն, սրա հետ կապված Տարոն Մարգարյանի կարծիքն էին հարցրել, ինչին նա պատասխանել էր, թե իրենք չեն ցանկանում Լենինգրադյան փողոցն անվանափոխել, քանի որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են:
Որքանո՞վ է սա հիմնավոր պատասխան:
– Պարզապես ծիծաղելի է: Նախ հիմա Լենինգրադ չկա: Եթե քույր քաղաքներ են, թող այդ անունը մեկ այլ փողոցին դնեն: Ա~խր այդ փողոցն այնպիսի արժանի մարդու անունով են ցանկանում փոխել, որ միանգամից պիտի համաձայնվեն: Դա ոչ Ռուսաստանին կվիրավորի, ոչ էլ՝ մեկ ուրիշի: Լենինգրադը չկա արդեն, իրենք են նույնիսկ փոխել, մենք էլ մեր փողոցի անունն ենք փոխում: Լենինգրադը մեզ համար ի՞նչ է, որ նման կենտրոնական փողոցն այդ անունը կրի, թող կողքի փողոցներից մեկի անունը լինի:
Քրիստինա Տեր–Մաթևոսյան



