Վարդան Ղահրամանյան. Աշխարհի առաջնությունից անմիջապես հետո կկայանա օլիմպիական վարկանիշային մրցաշարը
SPORTԱյսօր «Դինամո» մարզական հասարակական ընկերությունում անցկացվեց թաեքվոնդոյի երիտասարդների (Մ 17) Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց 44 մարզիկ Երևանից, Արցախից և հանրապետության գրեթե բոլոր մարզերից:
Թաեքվոնդոյիստները, երկու ծանր քաշերում մարզիկների բացակայության պատճառով, տասը քաշային կարգից միայն ութում պայքարեցին մեդալի համար:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը հայտնեց, որ առաջնության արդյունքներով կձևավորվի երկրի հավաքականը, որը նոյեմբերի 1-ից 6-ը Կիպրոսում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, իսկ մինչ այդ հավաքականը Խարկովում ուսումնամարզական հավաք կանցկացնի:
Հայաստանի չեմպիոններ դարձան. Վահե Եղիազարյան (45 կգ, Հրազդան), Լևոն Գասպարյան (48 կգ, Երևան), Բաբկեն Սարգսյան (51 կգ, Արցախ), Սուրեն Այդինյան (55 կգ, Երևան), Ռոման Հայրապետով (59 կգ, Երևան), Ալբերտ Հովհաննիսյան (63 կգ, Երևան), Անդրանիկ Խաչատրյան (68 կգ, Երևան), Անդրանիկ Եդիգարյան (73 կգ, Էջմիածին):
«Կիպրոս կմեկնեն 4-5 քաշային կարգերի այն ներկայացուցիչները, որոնք կկարողանան արժանիորեն հանդես գալ միջազգային ասպարեզում: Հաջորդ տարի կկայանա այդ տարիքային խմբի (Մ 17) աշխարհի առաջնությունը (վայրը դեռ հայտնի չէ), որտեղ հանդես կգան այդ ժամանակահատվածի լավագույն մարզիկները, անկախ այս տարվա արդյունքներից: Աշխարհի առաջնությունից անմիջապես հետո, հենց այնտեղ էլ կկայանա 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը, որտեղ մեր թաեքվոնդոյիստները կպայքարեն երեք օլիմպիական ուղեգրի համար»,-ասաց Վարդան Ղահրամանյանը: