Մարտունիում անցկացվեց բռնցքամարտի միջազգային առաջնություն
SPORTԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անցկացվեց ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին եւ Արցախյան գոյամարտի մասնակից, գնդապետ Հարություն Հարությունյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային առաջնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից, հուշամրցաշարին մասնակցեցին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի, Զուգդիդի, Թբիլիսիի, Քութաիսի եւ Բաթումի բռնցքամարտի հավաքականները՝ շուրջ 121 մասնակիցներով:
Թիմային հաշվարկով Մարտունու հավաքականը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը, որին հաջորդեցին Թբիլիսիի եւ Արցախի բռնցքամարտի հավաքականները: Մրցաշարում աչքի ընկած բռնցքամարտիկներին պարգեւատրեցին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի մրցանակակիր Դավիթ Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Մրցաշարին ներկա էր նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:
Խոսրով Խլղաթյան