Լևոն Արոնյանը՝ աշխարհի գավաթակիր
SPORTԱշխարհի երկրորդ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը (2802) 12 տարի անց դարձյալ հռչակվեց աշխարհի գավաթակիր: Թբիլիսիում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի թայ–բրեյքում Լևոն Արոնյանը Չինաստանի առաջին համար Դին Լիրենին (2771) հաղթեց երկու արագ պարտիաների արդյունքում՝ 2:0:
Աշխարհի գավաթի խաղարկությանը Լևոն Արոնյանի մասնակցության գլխավոր նպատակը 2018 թ. մարտին Բեռլինում կայանալիք Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելն էր: Այդ խնդիրը նա լուծել էր՝ եզրափակիչի ուղեգիր նվաճելով:
Աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանը պարտության մատնեց հարավաֆրիկացի Դենիել Քոուդերիին, կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանին, ռուսաստանցիներ Մաքսիմ Մատլակովին և Դանիիլ Դուբովին, ուկրաինացի Վասիլի Իվանչուկին և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե–Լագրավին: Աշխարհի գավաթակրի տիտղոսի հետ Լևոն Արոնյանը ստացավ նաև 120 հազար դոլար մրցանակ: