Հայկական գինու արտահանման նոր հնարավորություններ. Հայաստան են այցելել գինու խոշոր գնորդներ աշխարհի 6 երկրներից
ECONOMICSՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ քառօրյա այցով Հայաստան էին ժամանել գինու խոշոր գնորդներ աշխարհի 6 երկրներից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Լեհաստանը, Լիտվան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան և Բալթյան երկրները ներկայացնող գինու վաճառքի մասնագետները հիմնադրամի մասնագիտական խմբի ուղեկցությամբ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում ծանոթացել են տեղական գինու արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին և առանձնահատկություններին, հայկական գինիների տեսականուն, հայկական գինեգործության հազարամյա ավանդույթներին:
Գնորդները «Տրինիտի», «Գետնատուն», «Վան Արդի», «Արմենիա Վայն», «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս», «Պռոշյանի», «Ոսկեվազի» գինու գործարաններում ծանոթացել են արտադրական գործընթացին, գործարանների առանձնահատկություններին և արտադրական ծավալներին:
Հյուրերին հատկապես ոգևորել է Արենի քարանձավ կատարած այցելությունը, որտեղ վերջիններս ծանոթացել են հայ գինեգործական ավանդույթների ավելի քան 6200–ամյա պատմությանը։ Հնագույն գինեգործական համալիրը տպավորել է օտարերկրյա մասնագետներին. «Հայաստանն անչափ գրավիչ երկիր է, ես պարզապես ապշած եմ քարանձավը տեսնելուց հետո: Ձեր երկիրը հզոր գինեգործական պատմություն և արտահանման մեծ ներուժ ունի»,–նշել է Յուլիա Մաքսիմովսկայան, ով ժամանել է Մեծ Բրիտանիայից։
Այցի շրջանակներում գնորդները մասնակցել են Արցախում կայացած գինու փառատոնին, ծանոթացել տեղական գինիների տեսականուն, այցելել են «Կատարո» գինու բրենդը ներկայացնող «Անուշ–1» և «Բերդաշեն» գինու բրենդը ներկայացնող Ստեփանակերտի կոնյակի և գինու գործարաններ:
Այցի ավարտին հիմնադրամի կողմից կազմակերպած B2B հանդիպման շրջանակներում հայկական գինի արտադրող 16 ընկերությունների ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել գնորդների հետ, անցկացվել է գինիների համտես, քննարկվել են հետագա համագործակցության, պայմանագրեր կնքելու և արտահանման հեռանկարները:
Գնորդները բարձր են գնահատել տեղական խաղողի, ինչպես նաև մրգային հումքով պատրաստված գինիները՝ նշելով, որ դրանք լիովին համապատասխանում են միջազգային շուկայի պահանջներին: