Հայաստան-Լեհաստան. նույնիսկ հրաշքը չի կարող փրկել իրավիճակը
SPORTԱյսօր սպասվող Հայաստան-Լեհաստան հանդիպումը նախավերջինն է Ֆիֆայի որակավորման մրցաշարում մեր թիմի համար: Խմբից դուրս գալու շանսեր այլևս չկան. թե այս, թե Ղազախստանի դեմ հանդիպումները արդեն կրում են ոչ թե նպատակային, այլ սկզբունքային բնույթ: Իսկ սզբունքը հետևյալն է ՝ կա՞ն շանսեր, որ Հայաստանում ֆուտբոլը զարգանալու հեռանկարներ ունի:
Խնդիրը Հայաստանի հավաքականի հաղթանակները կամ պարտությունները չեն: Հայաստանը Չեռնոգորիայի հավաքականի դեմ տարավ կամային հաղթանակ, այնուհետ նույն այդ հավաքականին պարտվեց խայտառակ խաղով: Հայաստանը վատ չխաղաց Ռումինայի հետ, գոլով սկսեց հանդիպումը Դանիայի ընտրանում հետ ու կարծես պիտի զարգացներ ռումինացիների խաղում ձևավորված դինամիկան, բայց խփած գոլից հետո սկսեց քանդվել:
Վերոնշյալ թվարկումների ասելիքը մեկն է ՝ չկա արդյունավետության դինամիկ աճ: Որևէ վիճակագրությամբ հնարավոր չէ հասկանալ ՝ Հայաստանի հավաքականը կհաղթի, թե կպարտվի: Պահի հանգամանքներն ավելի շատ բան են որոշում, քան հավաքականի ռեալ ռեսուրսների կառավարման արդյունավետությունը:
Այս իմաստով ոչինչ չորոշող վերջին երկու խաղերը որոշակիորեն անբռնազբոս մթնոլորտ են ապահովում ՝ խաղալ ոչ թե միավորի, այլ խաղի համար: Նաև տեղ են տալիս փորձարկումների: Արթուր Պետրոսյանը, ի տարբերություն այլ մարզիչների չի խուսափում պատասխանատվություն վերցնել նաև ձախողումների համար, և դա անում է հրապարակավ: Ինչ-որ ձեռագիր հավաքականի խաղում նկատելի է, բայց այն վերջնական նյութականացում դեռևս չի ստանում:
Կարևոր չէ այսօր Հայաստանի հավաքականը կհաղթի, թե ոչ: Միգուցե ինչ-որ հրաշքով հաղթի կամ Լեհաստանի ուժեղ հավաքականը բարձր կարգի բերումով պարտության մատնի մեր ընտրանուն: Կարևորը հեռանկարի հարցն է: Այն պետք է երևա կամ հիմա կամ երբեք, այլապես ևս մեկ ձախողած ցիկլ կփակենք ու նորից կսկսենք նոր մարզիչ փնտրել ու սպասել նոր ցիկլի ՝ սպասումներով լեցուն ու հիասթափությունների վախը սրտներումս:
Սարգիս Մեսրոպյան