Գեղարքունիքում ավարտվել է կարտոֆիլի բերքահավաքը. իրացման խնդիր չկա
ECONOMICSԳեղարքունիքի մարզի տնտեսություններում ամբողջովին և անկորուստ ավարտվել է կարտոֆիլի բերքահավաքը:
Վերջին օրերի ընթացքում գրանցված բարենպաստ եղանակը հնարավորություն ստեղծեց, որպեսզի բոլոր փոքր կամ խոշոր տնտեսությունները հասցնեն անկորուստ հավաքել բերքը մինչև վերջին հեկտարը: Կարևոր է նաև այն, որ այս տարի տնտեսությունները բերքի իրացման խնդիր չունեն: Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանի խոսքով՝ այս պահի դրությամբ Վարդենիսի տարածաշրջանի բոլոր տնտեսություններում, որտեղ հիմնականում մարզի կարտոֆիլի ցանքերի մեծ բաժինն է, բերքահավաքն ամբողջովին ավարտված է:
Մեծածախ գներով տեղում պարենային կարտոֆիլը վաճառվում է 150, միջին չափի բերքը՝ 130 դրամով: Սերմացուն վաճառվում է 170–200 դրամով: Բերքի մի մասն էլ տնտեսությունները պահեստավորում են՝ հետագայում ավելի թանկ գնով վաճառելու ակնկալիքով:
Ճիշտ է, այս տարի բերքատվությունը նախորդ տարվա համեմատ նվազ ստացվեց, բայց տնտեսությունների համար շահավետ գինը հիմնականում փակում է կորուստները, ապահովում սպասված եկամուտները: Տնտեսությունների համար ձեռնտու շուկայական ներկա գինը նաև հնարավորություն է տալիս, որ մարդիկ մարեն ցանքի և մշակության նպատակով վերցված պարտքերը և նախապատրաստվեն եկող տարվա ցանքին: