Yerevan, 29.October.2026,
00
:
00
BREAKING

Հայ-իսրայելական երկխոսության ակտիվացումը նոր է, այժմ խնդրահարույց հարցեր օրակարգ բերելը նպատակահարմար չէ. փորձագետ

POLITICS

Նորավանք գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանի խոսքով՝ ուշագրավ է, որ ՀՀ արտգործնախարարի՝ Իսրայել հրավերքի մասին իսրայելական պաշտոնական հաղորդագրությունում չկա որևէ հստակեցում այն մասին, թե հրավերը հնչում է Արտաքին գործերի նախարարության ղեկավարի՞ մակարդակով, թե ավելի բարձր՝ երկրի կառավարության ղեկավարի մակարդակով։ Իսկ դա, ըստ նրա, թույլ է տալիս հաստատել, որ հրավերը եկել է ամենաբարձր մակարդակով՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից, այսինքն՝ Բենյամին Նեթանյահուն հրավիրել է ՀՀ ԱԳՆ ղեկավարին այցելել Իսրայել ոչ այնքան որպես ԱԳՆ ղեկավար, այլ առաջին հերթին որպես վարչապետ։

Հայ-իսրայելական հարաբերություններում նկատվող ակտիվացման մասին Tert․am-ի հարցազրույցը Կարեն Վերանյանի հետ՝ ստորև.

- Պարո՛ն Վերանյան, այս օրերին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Իսրայելում է՝ Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նեթանյահուի հրավերով: Պետք է նկատել, որ վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերություններն ակտիվանում են: Այս այցն ի՞նչ խորհուրդ է իր մեջ պարունակում:

-Ի սկզբանե հարկավոր է նշել, որ հրավերը եկել է ամենաբարձր մակարդակով՝ Իսրայել պետության վարչապետի կողմից, որը միաժամանակ կրում է երկրի ԱԳՆ ղեկավարի պարտականությունները։ Սակայն այստեղ առկա է ուշագրավ հանգամանք, այն է՝ այցելության հետ կապված իսրայելական պաշտոնական հաղորդագրությունում չկա որևէ հստակեցում այն մասին, թե հրավերը հնչում է ԱԳՆ ղեկավարի մակարդակով, թե՞ ավելի բարձր՝ երկրի կառավարության ղեկավարի մակարդակով։  Հետևաբար սա թույլ է տալիս հաստատել, որ հրավերը եկել է ամենաբարձր մակարդակով՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից, այսինքն՝ Բենյամին Նեթանյահուն հրավիրել է ՀՀ ԱԳՆ ղեկավարին այցելել Իսրայել ոչ այնքան որպես ԱԳՆ ղեկավար, այլ՝ առաջին հերթին որպես վարչապետ։ Ինչպես Դուք ճիշտ նշեցիք, վերջին շրջանում նկատվում է հայ-իսրայելական հարաբերությունների աննախադեպ ակտիվացում, և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը որակապես նոր՝ առավել բարձր հարթություն կբերի երկկողմ գործակցությունը։ Պաշտոնական այցի կարևորությունից ելնելով՝ կարող ենք ենթադրել, որ ամենայն հավանականությամբ հանդիպումների քննարկվող թեմաներից մեկը կլինի ռեզիդենտ դեսպանների փոխանակման հարցը։

-Իսրայելը Հարավային Կովկասը միշտ էլ դիտարկել է որպես իր ազդեցության գոտի, և ինչպես Դուք եք ժամանակին ասել՝ այն համարել է որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու «հարմար պլացդարմ»: Թուրքիային մեկուսացնելու քաղաքականության մեջ կարծու՞մ եք՝ Իսրայելը Հայաստանին համարո՞ւմ է իրեն գործընկեր:

-Համամիտ եմ Ձեզ հետ, Հարավային Կովկասը շարունակում է հանդիսանալ Իսրայելի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը։ Սա պայմանավորված է Իսրայել-Իրան հակամարտությամբ, Մերձավոր Արևելքում Իսրայել-Թուրքիա մրցակցությունով, մեր տարածաշրջանում ՌԴ ունեցած հատուկ շահերով և այլն։ Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ իսրայելական կողմը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանում։ Իսկապես, հարավկովկասյան ուղղությամբ Թել-Ավիվի ներգրավվածության հարցը պայմանավորված է նաև թուրք-իսրայելական ներկայիս լարված հարաբերություններով։ Ներկայում Իսրայելը փորձում է Մերձավոր Արևելքի զարգացումներից որոշակիորեն մեկուսացնել Թուրքիային։ Դա են հաստատում Իսրայել-Հունաստան-Կիպրոս նոր ձևավորվող ռազմավարական առանցքի շուրջ զարգացումները, որոնք ունեն նախևառաջ հակաթուրքական ուղղվածություն։ Հակաթուրքական այդ դաշինքը փոխգործակցային հնարավորություններ է ստեղծում այդ թվում և Հայաստանի համար։ Կարծում եմ՝ հայկական կողմը կարող է և պե՛տք է օգտագործի այս հնարավորությունը երկխոսելու Իսրայել-Հունաստան-Կիպրոս հարթակի շրջանակներում։ Հունաստանը հանդիսանում է Հայաստանի բնական դաշնակիցը, կա սփյուռքերի երկկողմ գործակցության մեծ փորձ և ավանդույթներ։ Ուստի, հայկական կողմն իր փորձով և հնարավորություններով կարող է նաև միջնորդ, կամուրջ հանդիսանալ Իսրայել-Հունաստան գործակցության զարգացման ոլորտում։

- Կարելի՞ է ասել, որ վերջին շրջանում՝ իսրայելական կողմի՝ և՛ խորհրդարանական, և՛ այլ քաղաքական շրջանակների այցելությունները և նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված հրավերը Իսրայել նաև Թուրքիային մեկուսացնելու «ծրագրի» մաս են կազմում, թե՞ Իսրայելը Հայաստանի հետ այլ նպատակներ ունի:

-Վերջին տարիներին հայ-իսրայելական քաղաքական հարաբերությունների ակտիվացման միտումները իսրայելական կողմը դիտարկում է ինչպես երկկողմ համագործակցության զարգացման ձևաչափում, այնպես էլ որպես Իսրայելի մերձավորարևելյան և հարավկովկասյան արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Հայ-իսրայելական համագործակցության ակտիվացման հարցը և՛ պայմանավորված է Թուրքիա-Իսրայել հարաբերություններում առկա լարվածությամբ, և՛ տարածաշրջանային երկկողմ մրցակցությամբ։

Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ Իսրայելը փորձում է թուլացնել Անկարայի ազդեցությունը Հարավային Կովկասում։ Կարծում եմ, այստեղ հայկական կողմն ունի որոշակի անելիք։ Հայաստանի հետ հարաբերությունները Թել-Ավիվի տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն նաև Իսրայել-Իրան հակամարտության համատեքստում։ Իսրայելական կողմը Հայաստանի հետ գործակցությունը դիտարկում է նաև որպես հնարավորություն Իրանի հետ երկխոսության հաստատման առումով։ Անհրաժեշտ է հստակեցնել, որ Իսրայել-Իրան երկխոսության հնարավորության հարցն այնքան էլ անիրատեսական չէ, որքան էլ որ դա կարող է թվալ առաջին հայացքից։ Հիշենք, որ 20-րդ դարի կեսերից Իսրայել պետության հիմնադրմամբ՝ Իսրայել-Իրան ռազմավարական դաշինքն ամենահաջողվածն էր Մերձավոր Արևելքում։

Ուստի, այդ համագործակցության վերականգնման հնարավորություններն ըստ էության չհիմնավորված չեն, և հայկական կողմն անհրաժեշտության դեպքում կարող է լինել կամուրջ՝ այդ երկխոսությունը վերականգնելու հարցում։

-Հայտնի է նաև, որ Իսրայելը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով է սերտորեն համագործակցում Հունաստանի և Կիպրոսի հետ: Հիմա ձևավորվում է այդ երկրների միջև ռազմական առանցք, որի մասին խոսելիս Դուք նկատել էիք, որ այն լուրջ հեռանկարներ է խոստանում: Ի՞նչ հեռանկարների մասին է խոսքը, արդյո՞ք թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման փուլում Իսրայելը նոր մարտահրավերներ կառաջացնի Թուրքիայի համար:

-Իսրայել-Հունաստան-Կիպրոս ռազմավարական դաշինքը ենթադրում է կողմերի միջև համագործակցություն մի շարք ոլորտներում՝ տնտեսական-էներգետիկ, ըստ որի՝ նախատեսվում է գազատար կառուցել դեպի Եվրոպա, քաղաքական-դիվանագիտական, սփյուռքերի միջև, ինչպես նաև անվտանգության-պաշտպանության գործակցության ոլորտներում երկխոսության հաստատում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հունաստանը և Կիպրոսը հանդիսանում են Թուրքիայի բնական հակառակորդները, այս դաշինքի ձևավորմամբ Իսրայելի նպատակներում, ինչպես արդեն ասվեց, հակաթուրքական ուղղվածությունն ակնհայտ է։

Հիշեցման կարգով նշեմ, որ դեռևս նախորդ տարիներին Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարները հուշագիր էին ստորագրել տարբեր ոլորտներում՝ այդ թվում և անվտանգության, պաշտպանության ուղղությամբ համագործակցելու վերաբերյալ։ Սակայն մինչ վերջերս էական քայլեր չէին ձեռնարկվում՝ մասնավորապես անվտանգության-պաշտպանության հարցերի շուրջ գործակցելու ուղղությամբ։ Այս հարցում շոշափելի արդյունք կարելի է համարել այն, որ ս.թ.նոյեմբերի 5-ին նախատեսվում էր Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի աշխատանքային այցը Հունաստան։ Այցելության հիմնական նպատակը Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարների հետ առաջին եռակողմ հանդիպման կազմակերպումն է։ Այս հանդիպումը խորհրդանշական է և որակապես նոր մակարդակի կբերի անվտանգության և պաշտպանության ոլորտներում Իսրայել-Հունաստան համագործակցությունը։ Եռակողմ այս դաշինքում պաշտպանական-անվտանգային բաղադրիչի շուրջ հետագա պայմանավորվածությունները, իսկ որ դրանք կլինեն, արդեն կասկածից վեր է, լուրջ մտահոգությունների տեղիք կտան Անկարայում։ Խնդիրը նրանում է, որ Իսրայելը, որը հանդիսանում է մերձավորարևելյան տարածաշրջանում առանցքային դերակատարներից մեկը, լինելով միջուկային պետություն, ռազմավարական դաշինք է ստորագրում Թուրքիայի բնական հակառակորդներից մեկի՝ Հունաստանի հետ։ Կարծում եմ՝ այդ դաշինքի պաշտպանական-անվտանգային բաղադրիչի շուրջ առաջիկա պայմանավորվածություններն է՛լ ավելի կսեղմեն Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության օղակը, կթուլացնեն, նրա տարածաշրջանային կշիռը։ Հարցն իսկապես մտահոգիչ է Թուրքիայի իշխանությունների համար, եթե այս խնդրի առնչությամբ հաշվի առնենք նաև այն, որ մեր հարևան երկիրը, լինելով ՆԱՏՕ-ի կարևորագույն անդամ-պետություններից մեկը, որևէ լուրջ աջակցություն այդպես էլ չի ստանում Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից՝ հաղթահարելու կամ զսպելու Թուրքիայում ներքին անվտանգության, ահաբեկչությունների, ներքաղաքական խնդիրների հետ կապված մարտահրավերները։

-Վերջին շրջանում մոռացվել և չի քննարկվում ժամանակին բավականին բուռն քննարկումներ առաջացրած՝ իսրայելական ԱԹՍ-երի իսրայելցի մասնագետների կողմից հայկական դիրքերի վրա փորձարկելու մասին թեման: Կարծո՞ւմ եք, որ Էդվարդ Նալբանդյանին ուղղված հրավերը նաև այդ միջադեպի հետ կապված պարզաբանումներ տալու առիթ է: Արդյո՞ք այդ միջադեպը խնդիր առաջացրել է առանց այն էլ ոչ հարթ հարաբերություններում:

-Կարծում եմ, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնական այցելության ընթացքում Իսրայելի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ անդրադարձ կլինի նաև Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության հարցերին։

Հաշվի առնելով հայ-իսրայելական համագործակցության ակտիվացման ընթացիկ միտումները, Իսրայել-Ադրբեջան համագործակցությունում վերջերս նկատելի որոշ անհամաձայնությունները, այս այցելության կարևորությունը, այդ թվում և իսրայելական կողմի համար՝ իսրայելական կողմում կմեծանա Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հարցերի հետ կապված հայկական կողմի մտահոգությունների ընկալումը։

Սա բնավ չի ենթադրում, որ նշյալ զարգացումների համատեքստում Իսրայելը կարող է մեծապես դադարեցնել ռազմատեխնիկական գործակցությունը մեր հարևանի հետ, կամ կդադարեցվեն սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի մատակարարումները Ադրբեջանին, այնուհանդերձ, ամրագրենք, որ այս այցելությունը դրական կանդրադառնա ոլորտում կողմերի միջև ռազմատեխնիկական գործակցությունը որոշակիորեն հակակշռելու գործընթացի վրա։

Չպետք է մոռանալ, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտնի է իր ադրբեջանամետ հայացքներով և հանդիսանում է Իսրայելում Ադրբեջանի լոբբինգն իրականացնող՝ մեծ կշիռ ունեցող քաղաքական գործիչներից մեկը։ Այս տեսանկյունից, կարծում եմ, հայկական կողմը պետք է ակտիվացնի իր դիվանագիտական աշխատանքները նաև այս հարցերի ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին վաճառված Orbiter տեսակի իսրայելական արտադրության ԱԹՍ-երի՝ ադրբեջանական կողմի պահանջով հայկական դիրքերի ուղղությամբ փորձարկման միջադեպին, ապա նշեմ, որ միջադեպի հետևանքով Իսրայելի ՊՆ հետաքննություն սկսեց, որով ժամանակավորապես դադարեցվեց այդ տեսակի ԱԹՍ-երի վաճառքը Ադրբեջանին։ Կարծում եմ՝ սա մասամբ պայմանավորված է նաև հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացման, ինչպես և Իսրայել-Ադրբեջան համագործակցությունում վերջին ամիսներին նկատված որոշակի անհամաձայնությունների դրսևորումների հետ։ Խոսքը վերաբերում է իսրայելական լրատվական դաշտում Ալիևների ընտանիքի վերաբերյալ անձնական տվյալների միակողմանի արտահոսքին՝ Իսրայելում Մեհրիբան Ալիևայի կողմից ֆինանսական խոշոր ներդրումների, Ալիև կրտսերի հիվանդության և Իսրայելում նրա բուժման տվյալների հրապարակմանը։

- Հայ-իսրայելական հարաբերությունների ոչ բարեկամական դրսևրումները պայմանավորված են և՛ Իսրայելի ու Ադրբեջանի միջև եղած առավել սերտ հարաբերություններով, և՛ այդ երկրի՝ Հայոց ցեղասպանության փաստի չճանաչմամբ: Այս երկու կաղապարող գործոնները կարո՞ղ են մեզ թույլ տալ այնուամենայնիվ զարգացնել հարաբերություններն այդ երկրի հետ, ինչո՞վ պետք է հիմնավորենք մեր մերձեցումը:

-Կարևոր է հասկանալ, որ անկախության ձեռքբերումից հետո Հայաստանը չօգտագործեց ստեղծված հնարավորությունը կառուցողական հարաբերություններ հաստատելու Իսրայելի հետ, ինչը իրականացրեց Բաքուն և բավական հմուտ կերպով։

Ինչպես ճիշտ նկատեցիք, հայ-իսրայելական հարաբերություններում կան խնդրահարույց հարցեր՝ հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման հարցը, Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական բարձր մակարդակի համագործակցությունը։ Սակայն հստակեցնել է պետք, որ հայ-իսրայելական հարաբերություններում նկատվող երկխոսության ակտիվացման դրսևորումները նոր են, և թերևս այնքան էլ նպատակահարմար չի լինի սկզբնական փուլում օրակարգ բերել նման խնդրահարույց հարցեր, սա դիվանագիտության տեսանկյունից սխալ մոտեցում է։ Բնականաբար, այդ հարցերը տարբեր ձևաչափերում երկկողմ հանդիպումների ժամանակ ակնարկվում են, շոշափվում։ Կարծում եմ, երկկողմ գործակցության խորացմամբ կողմերի համար կնճռոտ հիմնահարցերը ինքնաբերաբար կդրվեն օրակարգում, և հայկական կողմն այս ուղղությամբ ունի մեծ աշխատանքներ։ Ի դեպ, որքանով տեղեկացված եմ, հայկական կողմը նույնպես պաշտոնապես որևէ ամբիոնից չի ընդունել հրեական Հոլոքոստը, ինչի մասին գրեթե չի խոսվում։

Հայ-իսրայելական գործակցության զարգացման ներկայիս տրամաբանությունը թույլ է տալիս ակնկալել, որ կողմերն առաջիկա ժամանակներում առավել մեծ ուշադրություն կհատկացնեն Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության հարցերին։

-Ձեր կարծիքով՝ որտե՞ղ, ի՞նչ ոլորտներում կարող են նրանք համագործակցել: Ըստ Ձեզ՝ ՀՀ արտգործնախարարի այցի ընթացքում ի՞նչ առաջնահերթությունների մասին պետք է խոսք լինի:

Հայ-իսրայելական երկխոսության համար հեռանկարներ կան մի շարք ուղղություններով, ինչպես, օրինակ՝բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Իսրայելն ունի հաջողված ու մեծ փորձ։ «Սթարթափեր»-ի թվաքանակով Իսրայելն աշխարհում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ Համագործակցության համար հնարավորություններ կան նաև էներգետիկայի, բժշկության, գյուղատնտեսության ոլորտներում, որտեղ նույնպես ուսանելի է Իսրայելի փորձը։

Լինելով ԵԱՏՄ անդամ-պետություն՝ Հայաստանն իսրայելական կողմի համար կարող է հնարավորություններ ստեղծել ԵԱՏՄ-Իսրայել կապերի հաստատման ու զարգացման հարցերում։ Ներկայում լայն հնարավորություններ են բացվում նաև հայ-իսրայելական գործակցությունը զարգացնելու սփյուռքի համայնքների երկխոսության կայացման հարթությունում։ Հայաստանը կարող է մասնավորապես հունական սփյուռքի հետ գործակցության իր փորձով ու ավանդույթով նպաստել հայկական, հրեական ու հունական սփյուռքի տարբեր համայնքների միջև համագործակցության զարգացմանը։

Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location