Փոխհատուցում ոռոգման ջրի գումարի սուբսիդավորմամբ
ECONOMICSԿառավարությունը որոշել է փոխհատուցել այս տարի կարկտահարությունից 80–100%–ով տուժած համայնքների ոռոգման ջրի գումարը: Այս մասին որոշման նախագիծը կառավարության դատին ներկայացվեց երեկ կայացած նիստի ընթացքում:
Նախագծով կիրականացվի ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում: Նախատեսվում է ոռոգման ոլորտի սուբսիդավորում ՋՕԸ–ների համար հաստատված ոռոգման ջրի սակագնի և նվազագույն շահավետ գնի տարբերության չափով՝ 80–100% տարերային աղետներից տուժած ջրօգտագործողների փոխհատուցման համար:
Արմավիրի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում այս տարվա ընթացքում կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին 2017 թ. օգտագործած ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունները կմարվեն: Օժանդակություն ցուցաբերելու համար կառավարության պահուստային ֆոնդից Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին կհատկացվի 306 միլիոն 423 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով: Գումարը հաշվարկվել է 80–100%–ով տարերային աղետներից տուժած ջրօգտագործողների ցուցակի համաձայն՝ ըստ վերջիններիս նկատմամբ ձևավորված ոռոգման ջրամատակարարման հասույթի:
Ընդհանուր առմամբ կսուբսիդավորվեն չորս մարզի վեց ընկերություններ՝ «Արմավիր», «Լոռի», «Շենիկ», «Տավուշ», «Սյունիք» և «Թալին» ջրօգտագործողների ընկերությունները: Սրանցից ամենից շատ գումար կստանա առաջին ընկերությունը՝ 215 միլիոն 232 հազար դրամի չափով, այնուհետև «Թալին» ընկերությունը՝ 69 միլիոն 731 հազար դրամի չափով: Իսկ ամենից քիչ գումար էլ բաժին կհասնի «Տավուշ»–ին, այն է՝ 1 միլիոն 664 հազար դրամ:
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից::
Որպես կառավարության կողմից ընդունվող որոշման նախագծի ակնկալվող արդյունք է նշվում 80–100% տարերային աղետներից տուժած ջրօգտագործողներին փոխհատուցման տրամադրումը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ