Արտաշատցի ըմբիշները միջազգային բաց առաջնությունում նվաճել են ոսկե եւ արծաթե մեդալներ
SPORTԿրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքի քաղաքապետի մրցանակի համար անցկացված միջազգային բաց առաջնությունից Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի ըմբիշները վերադարձել են ոսկե եւ արծաթե մեդալներով:
Հոկտեմբերի 23-25-ն անցկացված մրցաշարում իրենց քաշային կարգում չեմպիոններ են դարձել եւ ոսկե մեդալներ նվաճել 50 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եւ 69 կգ քաշային Գեղամ Գալստյանը:
Մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը տեղեկացրեց, որ մրցումներում երկրորդ մրցանակային տեղ է զբաղեցրել եւ արծաթե մեդալի արժանացել 58 կգ քաշային Էդգար Փոխանյանը:
«Սա մի այնպիսի մրցաշար է, որին մասնակցությունն արդեն իսկ պատիվ է բերում: Այնտեղ մեր սաների հետ մասնակցում էին Չեչնիայից, Դաղստանից ժամանած մարզիկներ, այդ երկրներում ըմբշամարտը զարգացվածության շատ բարձր մակարդակի վրա է «,-իր խոսքում ընդգծեց Սիմոնյանը` գոհունակություն հայտնելով արտաշատցի մարզիկների մրցելույթից: «Նրանք փայլուն հանդես եկան, գոհ եմ արդյունքներից»,-նկատեց տնօրենը:
Ըմբիշներն արժանացել են մեդալների, պատվոգրերի եւ հուշանվերների:
Մրցաշարին Արտաշատի մարզադպրոցից մեկնել էին 10 ըմբիշ, որոնց մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը: Մրցաշարին մասնակցել են ավելի քան 500 լավագույն ըմբիշներ ՌԴ-ի տարբեր քաղաքներից, Հայաստանից, Չեչնիայից, Դաղստանից: