Կարեն Նազարյանը Գերմանիայի ԱԳՆ հանձնակատարին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը
INTERNATIONAL NEWSԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեին, ով Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայ-գերմÕ �նական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում՝ այդ թվում մշակութային, գիտակրթական, առևտրատնտեսական, ռազմաքաղաքական համագործակցության, միջխորհրդարանական կապերի և կայուն զարգացմանը նպաստող ծրագրերի բարձր մակարդակը:
Կարեն Նազարյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրել Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում ադրբեջանական կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների ու իրականացվող վտանգավոր սադրանքների մասին`ընդգծելով, որ Բաքվի ղեկավար պաշտոնյաները չեն դադարեցնում սպառնալիքների ու ատելության քարոզը, ինչը նպաստավոր պայմաններ չի ստեղծում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի համար:
Անդրեաս Պեշկեն հավաստիացրել է, որ 2016թ. Գերմանիայի ԵԱՀԿ նախագահության ընթացքում Բեռլինը կշարունակի սատարել համանախագահների միջնորդական ջանքերին՝ իր հերթին նույնպես կարևորելով վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների իրականացումը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետորեն ընթացող քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը բազմակողմ ձևաչափերում և հարթակներում:



