«Թուրքական ավիաուղիներ»–ի հետ քննարկում չկա, իսկ «Պեգասուս»–ի հարցը դեռ անորոշ է
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է
«Թուրքական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ Իլքեր Այջըն հայտարարել էր, որ պատրաստվում են թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան: Նկատենք նաև, որ հայտարարությանը զուգահեռ, Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հերքել էր տարածված տեղեկատվությունը:
Տարածված տեղեկատվության շուրջ «Փաստը» փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունից:
Հարցին, թե «Թուրքական ավիաուղիներ»–ի հետ այս պահին որևէ բանակցություններ տարվո՞ւմ են, Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ վարչությունն ընկերության կողմից ոչ մի հայտ չի ստացել:
«Դեռ ոչ մի քննարկում չի եղել այդ երթուղու հետ կապված: Մենք ոչ մի պաշտոնական գրություն, ոչ մի ձևաչափով պաշտոնական ինֆորմացիա իրենցից չենք ստացել: Այս պահին ոչ մի հարց այդ ավիաընկերության հետ չի քննարկվում»,–ասաց խոսնակը:
Նկատենք, որ ամիսներ առաջ թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը ևս հայտարարել էր, որ դեպի Հայաստան թռիչքներ են իրականացնելու: Նախատեսվում էր, որ թռիչքները սկսվելու էին հունիսի 1–ից և իրականացվելու էին շաբաթը 3 անգամ: Սակայն ընկերությունը ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությանն ուղղված նամակով ավելի ուշ տեղեկացրել էր, որ որոշ տեխնիկական խնդիրների պատճառով ավիաընկերության մուտքը հայկական շուկա անորոշ ժամանակով հետաձգվում է։
Խոսնակից հետաքրքրվեցինք՝ բանակցություններ կա՞ն այս առումով, թե ոչ. «Դեռևս անորոշ է: Երբ որ հստակեցվի, մենք անմիջապես տեղեկատվություն կտրամադրենք այդ մասին»: