«Միռամի»՝ հանրային լսումներ կազմակերպելու փորձը կրկին տապալվեց
ECONOMICSԵրեկ Լոռու մարզի Մղարթ համայնքում պետք է տեղի ունենային հանրային լսումներ՝ Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու հետ կապված, գրում է «Փաստ» օրաթերթը:
Ուսումնասիրությունների հայտը նախագծել էր «Միռամ» ընկերությունը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ հանրային լսումները նշանակված էին Արդվի համայնքում, բնակիչները տապալել էին դրանք՝ թույլ չտալով ընկերության և Բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին գյուղի տարածք մտնել:
Երեկ կրկնվեց նույնը, պարզապես այլ վայրում և ավելի մեծ աջակցությամբ: Հանրային լսումների վայրի փոփոխությունը «չփրկեց» «Միռամին»: Վերջինս նախկին նախագիծը խորամանկությամբ փոփոխության էր ենթարկել՝ Արդվին բացառելով ազդակիր համայնք լինելուց և, հավանաբար, հուսալով, որ Մղարթում կհամաձայնվեն այս նախագծին:
Իսկ Մղարթի բնակիչները ոչ միայն համաձայն չէին, այլ Արդվիի, Օձունի, Այգեհատի ու Արևածագի բնակիչների հետ միասին փակել էին գյուղ տանող ճանապարհը՝ կրկին անգամ չթողնելով ընկերության և նախարարության աշխատակիցներին մտնել համայնք:
Գյուղի մուտքը փակած բնակիչները պարզել էին «Հեռու Արդվուց», «Արդվին հայոց սրբավայր է» և «Մեր ոսկին մեր բնությունն է» գրությամբ պաստառներ: Մղարթում էին բնապահպաններ, այդ թվում՝ աշխարհագրագետ, «Բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Լևոն Գալստյանը «Փաստի» հետ զրույցում պատմեց օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները: Ըստ նրա՝ երբ գյուղացիները փակել էին ճանապարհը, «Միռամի» ու նախարարության ներկայացուցիչները փորձել են այլ ճանապարհ գտնել գյուղ մտնելու համար: Դա իրենց հաջողվել է, բայց միևնույն է չի հաջողվել համայնքապետարան մուտք գործել: Ակցիայի մասնակիցները տեղափոխվելով գյուղապետարանի շենքի դիմաց՝ թույլ չեն տվել նրանց մոտենալ շենքին:
Ըստ Գալստյանի՝ նախարարության ներկայացուցիչները, չգիտես ինչու, բոլորից շատ են շահագրգռված եղել, որ լսումներն այնուամենայնիվ կայանան: Նրանք փորձել են համոզել բնակիչներին թույլատրել հանրային քննարկումների իրականացում, ինչն, իհարկե, մերժվել է գյուղացիների կողմից:
Հավելենք նաև, որ երեկ խոշորացված Օձուն համայնքի բնակիչները պաշտոնապես մերժել էին «Միռամ» ՍՊԸ–ի Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության հայտը: Նրանք Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի ստորագրությամբ արձանագրություն էին կազմել, որն ուղղված էր Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Վարդան Սահակյանին:
Արձանագրության մեջ մասնավորապես գրված էր.
«Օձուն համայնքի Մղարթ, Արդվի, Այգեհատ, Օձուն, Արևածագ բնակավայրերից Մղարթում ներկա բնակիչները դեմ են Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը և թույլ չտվեցին քննարկման անցկացումը: Ս. թ. դեկտեմբերի 1–ին` ժամը 12:00, ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի Մղարթ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում նախատեսված Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության հայտի երկրորդ հանրային քննարկումը չկայացավ»:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան