Միջազգային ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի միասնական երթուղային ցանցի ծրագրով
ECONOMICSՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և«Arriva» տրանսպորտային ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկային։
Ինչպես Past.am-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, դեսպանը նախարարին ներկայացրել է տրանսպորտային համակարգի շահագործման Չեխիայի օրինակելի փորձը և դրանում «Arriva» ընկերության ունեցած դերը և հույս հայտնել, որ կարող է փոխշահավետ համագործակցություն ձևավորվել:
Դանիել Ադամկան մանրամասնեց ընկերության գործունեությունը, որի տրանսպորտային միջոցները և տարբեր տեղատարողությամբ բարձրակարգ ավտոբուսները շահագործվում են ավելի քան 14 եվրոպական երկրներում։ Բացի ավտոբուսների արտադրությունից՝ ընկերությունում մշակվում են նաև տրանսպորտային միջոցների տեխնոլոգիական նոր մոտեցումներ և ցանկություն հայտնեց ներգրավվելու Հայաստանում նախատեսվող տրանսպորտային համակարգի ներդրման ծրագրում։
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախատեսվում է փոխել Հայաստանի տրանսպորտային համակարգի կառավարումը և ուրախ կլինի, եթե Եվրոպայի տրանսպորտային ամենամեծ օպերատորներից «Arriva» ընկերությունը ևս մասնակցություն ունենա Հայաստանի մարզերից մեկում նախատեսվող փորձնական ծրագրի մրցույթին։
Նախարարն առաջարկեց համապատասխան ուսումնասիրություններից հետո ծրագիր ներկայացնել, որից հետո արդեն կշարունակեն քննարկումները համագործակցության կոնկրետ ուղղություններով: