Մի շարք ապրանքների արտադրության ծավալները նվազել են
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են: Այս մասին «Փաստ» օրաթերթը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:
2017 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 226,8 հազար տոննա հաց` 2016 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,4%–ով:
Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրվել է 232,4 տոննա հաց:
3,1%–ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը` կազմելով 135,2 հազար տոննա: 2016 թվականին 139,6 հազար տոննա է արտադրության ծավալը կազմել:
Ըստ ԱՎԾ–ի՝ 10 ամիսներին ավելացել է հրուշակեղենի արտադրության ծավալը կազմելով 14629, տոննա:
Վիճակագրության համաձայն` հունվար–հոկտեմբերին 1,7%–ով ավելացել է նաև մակարոնեղենի արտադրությունը. մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտադրվել է 2708,3 հազար տոննա մակարոնեղեն, իսկ 2016 թ.–ի հունվար–հոկտեմբերին` 2662,1 տոննա։ Ձավարեղենի արտադրությունն ավելացել է 9,4%–ով՝ կազմելով 899,2 հազար տոննա:
Դիտարկվող ժամանակաշրջանում ավելացել է կաթի արտադրության ծավալը: Նախորդ տարվա 425,5 հազար լիտրի փոխարեն կազմելով 427,7: Իսկ պանրի, կաթնաշոռի, մածունի արտադրության ծավալները կրճատվել են:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19929,9 հազար տոննա արտադրված պանրի դիմաց, այս տարի քանակը կազմել է 16569,8:
Տասն ամիսների ընթացքում արտադրվել է 5101,9 հազար տոննա մածուն, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է:
Քիչ քանակությամբ նաև թթվասեր է արտադրվել: 2016 թվականի 4977,6 տոննայի դիմաց՝ 3975,6:
Վիճակագրության համաձայն՝ յուղերի արտադրությունն է պակասել: Եվ այսպես՝ հունվար–հոկտեմբեր ամիսների դրությամբ արտադրվել է 739,6 հազար լիտր բուսական յուղ, իսկ նախորդ տարի՝ 1104,9:
Կենդանական յուղի ծավալները 244,8 հազար տոննայի են հասնում: 2016 թվականին արտադրանքը 393 հազար տոննա է կազմել: Շաքարավազի արտադրության ծավալները ևս կրճատվել են: Այս տարի 48630 հազար տոննա է ծավալը կազմել, 2016–ին՝ 54119:
Օղու արտադրությունը ևս կրճատվել է: Հունվար–հոկտեմբեր ամիսների դրությամբ 4626,9 հազար լիտր օղի է արտադրվել, նախորդ տարի՝ 6211,5:
Փոխարենն ավելացել են կոնյակի և գինու արտադրության ծավալները: Տասն ամիսների ընթացքում արտադրվել է 24850,2 հազար լիտր կոնյակ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրվել է 16445,3 հազար լիտր:
Հոկտեմբերի դրությամբ 6890,8 հազար լիտր գինի է արտադրվել, նախորդ տարի՝ 5005,2 հազար լիտր: Տեղեկացնենք նաև, որ գարեջրի և շամպայնի արտադրության ծավալներն ավելացել են, իսկ վիսկիինը՝ նվազել:
Մանյա Պողոսյան