Ընտանեկան բռնությունն ու պառլամենտական քննարկումները
ANALYSISԸնտանեկան բռնության դեմ օրինագծի սկանդալային քննարկումներն ու արդեն դասական դարձած ՝ քյարթեր vs հիփստերներ, հետամնացներ vs առաջադեմներ, ռուսամետներ vs արևմտամետներ հակադրությունները մի քանի օր տևող տեղեկատվական թամաշայից բացի, ոչինչ չեն կարող տալ, թե ընդհանրապես, թե մասնավորապես ՝ խնդրո առարկայի առնչությամբ, քանի դեռ հայաստանյան իրականության մեջ բռնության և ընտանեկան բռնության պատճառների ուսումնասիրությունը որևէ մեկին (արևմտյան դոնորներին, Հայաստանի իշխանությանը, Հայաստանի ՀԿ սեկտորին, նախաձեռնության դեմ պայքարողներին) չի հետաքրքրում:
Առաջնային պլան են մղվում ոչ թե նախաձեռնության մեջ շոշափվող խնդրի ծագումնաբանությունը, դրսևորումները հասկանալու փաստը, այլ հարակից, թեմայի հետ կապ չունեցող երևույթներ: Պետության դիրքորոշումը պարզ է ՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի մեջ մտնում է նաև այս օրինագիծը: Լինելով չափից շատ պրագմատիկ ու այսրոպեական շահի կողմնակից ՀՀ իշխանությունները հակված են ընդունել օրենքը, եթե դրանից ինչ-որ կերպ շահելու են եվրոպայի համակրանքը և հավելյալ դրամաշնորհներ: Նախաձեռնության կողմ և դեմ հասարակական խմբերը, որոնք հիմքում ևս բացառապես պրագմատիկ (անձնական, կենցաղային) շահեր են իրացնում, արտաքուստ խոսում են արժեհամաարգային լեքսիկոնով՝ բովանդակային և քարոզչական առումով անելով նույն բանը, պարզապես հակառակ վեկտորներով:
Իսկ քննարկումների մեջ անշահախնրորեն մտած մարդիկ շարունակում են կրկնել ու տարածել քննարկման հիմնական մեթոդական սխալը ՝ թիրախավորելով բացառապես հետևանքը, այն ընդունելով որպես կայացած փաստ ու բացառապես գնահատականներ հնչեցնելով: Հերթական անգամ հանրային հնչեղություն ունեցող թեման դառնում է պարզապես հասարակության տարբեր, քաղաքական և հասարակական բնութագրիչներով իրարից առանձնացված խմբերի համար վերադիրքավորվելու, սեփական խմբի ինքնությունը շեշտելու, սահմանները գծելու, բարիկադավորվելու առիթ: Երբ աղմուկն ավարտվի, այս քննարկումից ոչինչ չի մնալու, որևէ հանրային բարիք (նույնիսկ չարիք) չի ստեղծվելու:
Իսկ այն, որ պատճառներին անդրադառնալն առաջնային է, չի նշանակում, թե պետք է մշակութային կամ ավանդական փաստարկներ գտնել ու հիմնավորել բռնությունը: Բնավ ՝ ոչ: Նշանակում է,որ բռնությունը արմատախիլ անելու համար պիտի հասկանալ թե կկոնկրետ ինչն ենք արմատախիլ անում, ինչի հետ գործ ունենք: Ինքն իրենով բռնություն ու ընտանեկան բռնություն չկա. այն ազդում և ազդվում է մի շարք այլ գործոններից ՝ մշակույթ, պատերազմ, տնտեսություն, պատմություն և այլն: Հետևաբար միայն ընտանեկան բռնության դրսևորումների դեմ հնարավոր չէ պայքարել ամենաազնիվ մղումների դեպքում անգամ: Դրսևորումը բռնության համակարգի միայն վերջին փուլն է, դրա մանիֆեստը: Մինչ այդ կան բազում այլ փուլեր:
Հասկանալի է նաև թեմայի քննարկման մասնակիցների մոտիվացիաները ՝ բացառապես զբաղվել հետևանքների գնահատմամբ: Պատճառների ուսումնասիրությունը չափից շատ երկար, ծանր ու գիտական ներուժ պահանջող գործ է ու միգուցե որևէ քաղաքական դիվիդենտ կամ աղմուկ չապահովի:
Արտակ Ասլանյան



