Ատոմ Մարգարյան. «Վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար շարունակում են բարձր մնալ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է
Հարկային օրենսգրքի փոփոխությունները բիզնեսի զարգացման համար էական նշանակություն չեն ունենա: Այս մասին «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Վերջինիս խոսքով՝ տնտեսությունը միայն խոշոր բիզնեսի վրա չի կարող հիմնված լինել: Կատարվող փոփոխությունները, ըստ նրա, կարող են նպաստավոր լինել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
«Եթե նայենք հարկատեսակներին, սանկցիաների թուլացմանը, տարբեր տեսակի հարկերի դուրս գրմանը, այս տեսանկյունից փոքր բիզնեսի հետ կապված ռիսկեր չեմ տեսնում: Մյուս կողմից՝ միայն հարկային քաղաքականության մասով չպետք է ռիսկերն արձանագրել: Կան նաև դրամավարկային քաղաքականության մասով որոշակի ռիսկեր: Վարկային տոկոսադրույքների մասով քաղաքականություն է տարվում՝ տոկոսներն իջեցնում են: Այս պահի դրությամբ, սակայն, այդ տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար շարունակում են բարձր մնալ»,– նկատեց նա:
Փոքր բիզնեսին զարկ տալու համար, նրա կարծիքով, պետությունը պետք է ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրի: Տնտեսագետը ճիշտ չի համարում նաև այն, որ փոքր բիզնեսը պետք է հարկերից խուսափի:
«Մենք տեսնում ենք, թե փոքր բիզնեսի գերռիսկային ոլորտը՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպիսի հարկային արտոնություններ է ստանում: ՏՏ ոլորտում շահութահարկի և եկամտահարկի իջեցումը 10%–ի, բերել է այդ ընկերությունների բազմապատկմանը: Այն, որ 500–ից ավելի է այդ ընկերությունների թիվը, արդեն ձեռնտու է: Իսկ որ նրանք արդեն լեգալ են գործում, ներդրումներ անելու հնարավորություններն ավելանում են: Եթե սկզբնական փուլում այդ ընկերությունները կայանան, նրանց լուրջ հարկային արտոնություններ են անհրաժեշտ»,– ասաց Ատոմ Մարգարյանը:
Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններից մեկով էլ հանրային սննդի ոլորտը, բացի արտոնագրային վճարից, 2018 թվականի հունվարի 1–ից սկսելու է վճարել նաև 10% շրջանառության հարկ։ Տնտեսագետի խոսքով՝ այն գործունեությունը խթանելու նպատակ է հետապնդում:
«Հանրային սնունդը ստվերային է, շատ դժվար է վերահսկել: Իրական եկամուտների բացահայտման ծախսերը շատ մեծ են, այս պարագայում, այդ ոլորտում քայլեր պետք են»,– մատնանշեց մեր զրուցակիցը:
Ատոմ Մարգարյանը նշեց, որ խնդիրը մնում է դրույքաչափը և միայն մոտ ժամանակներում պարզ կլինի, դրանք արդարացված են, թե՝ ոչ:
«Հանրային սնունդը մրցակցային ոլորտ է, այդտեղ խոշորացնել, սուպերմարկետներ սարքելը ռեալ չէ: Փոքր խանութները միշտ էլ գոյություն են ունեցել և կունենան, այլ բան է, թե որքանով է հիմնավորված դրույքաչափի բարձրացումը՝ ծախսերի ու եկամուտների վերլուծության հիման վրա: Ստվերայնության կրճատմանը զուգընթաց, պետք է վերանայել հարկային տոկոսադրույքները և բեռը նվազեցնել»,– կարևորեց նա:
Տնտեսագետը չի մոռանում նաև օրենսգրքում կատարված մյուս կարևոր փոփոխությունների մասին նշել: Շահաբաժինների հարկումը սկզբունքային փոփոխություն է համարում: Մարգարյանը գտնում է, որ կատարված բարեփոխումներով բյուջեի եկամուտները կավելանան:
Մանյա Պողոսյան