Փաշիկ Ալավերդյան. «Եթե մասնակցեինք աշխարհի առաջնությանը, առնվազն 10 մեդալ կնվաճեինք, որից երեքը՝ ոսկե»
SPORTՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մրցաշրջան 2017–ում ընդհանուր առմամբ ձեռք է բերել 80 մեդալ, որից 36–ը՝ ոսկե, 21–ը՝ արծաթե և 23–ը՝ բրոնզե:
«Մենք այս տարի չկարողացանք մասնակցել աշխարհի առաջնությանը: Եթե հանդես գայինք, կունենայինք առնվազն ևս 10 մեդալ, որից երեքը հարյուր տոկոսով՝ ոսկե: Նկատի ունեմ Սիմոն Մարտիրոսյանին: Ծանրորդը երկամարտում ցույց տվեց 404 կգ, մինչդեռ, Սիմոնը մոտ մեկուկես ամիս առաջ Ալբանիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել է 433 կգ արդյունքով:
Այնպես որ, ոչ միայն մեծահասակների աշխարհի վերջին առաջնությունը, այլև 2017 թվականն ամբողջովին Մարտիրոսյանի համար լինելու էր ռեկորդային տարի: Սիմոնն այս մրցաշրջանում չորս խոշոր մեկնարկ է ունեցել ու բոլորում էլ բարձրացել է պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին՝ Եվրոպայի մեծահասակների, աշխարհի երիտասարդների, Եվրոպայի երիտասարդների առաջնություններ և համաշխարհային ուսանողական խաղեր:
Անահայմը Սիմոն Մարտիրոսյանի համար հինգերորդ չեմպիոնական մեկնարկն էր լինելու, որը յուրատեսակ ռեկորդ կդառնար հայկական ծանրամարտի պատմության մեջ»,– ասել է Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ–ի հետ զրույցում:
Ազգային հավաքականի մարզիչը հատուկ ընդգծեց նաև, որ 2017 թվականի մեդալների առյուծի բաժինը նվաճել են երիտասարդներն ու պատանիները և այդտեղ իրենց լուրջ չափաբաժինն ունեն նաև աղջիկները.
«Իմ գլխավորած տղամարդկանց ազգային հավաքականում բոլորը, բացի Ռուբեն Ալեքսանյանից, 20–23 տարեկան են: Դա ուրախալի է, որովհետև նրանք են մեր վաղվա օրը, հաջորդ օլիմպիական խաղերի մասնակիցները: Ցավն այն է, որ այս տարի մեծահասակների աշխարհի առաջնությանը մասնակցել չթույլատրելը մեզ մեկ տարով հետ է գցում: Հաջորդ աշխարհի առաջնությունը, որն արդեն վարկանիշային է, կայանալու է եկող աշնանը: Իսկ մեկ տարվա դադարից հետո մասնակցել աշխարհի առաջնությանը և այնպիսի արդյունք ցույց տալ, որը կգոհացնի մեզ և մարզիկին, շատ դժվար է:
Ծանրորդը պետք է տարեկան առնվազն երկու–երեք մրցման մասնակցի իր մարզավիճակի գագաթին գտնվելու համար: Եկող տարվա Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է մարտի վերջից ապրիլի սկիզբ: Մեր նկատմամբ կիրառված վեցամսյա պատժամիջոցի ժամկետն ավարտվելու է ապրիլի 19–ին: Դա նշանակում է, որ մենք չենք հասցնի մասնակցել ու բավականին մեդալներ կարող ենք կորցնել: Սակայն ՀԱՕԿ–ի հետ աշխատում ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի այդ 10–15 օրը մեզ չխանգարի: Հուսով եմ, որ կստացվի»,– Փաշիկ Ալավերդյանի խոսքերը մեջբերում է ՀԱՕԿ–ի պաշտոնական կայքը: