«Ծառուկյան» դաշինքը առաջարկել է ֆերմերներին ազատել հարկերից
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է
Առաջարկվում է ֆերմերների կողմից հարկերի վճարման նվազեցմանն ուղղված լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում: Այս մասին հունվարի 11–ին տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով՝ եթե բնական աղետների հետևանքով, ինչպիսիք են կարկուտը, սառնամանիքները և այլն, գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆերմերները 40 տոկոսից ավելի էական կորուստներ ունենան, պետությունը պետք է ընդառաջ գնա նրանց և կոնկրետ տարում ազատի հարկերից:
«Մենք գիտենք, որ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող գյուղացիների զգալի մասը արտադրության զարգացման նպատակով դիմում է բանկերին՝ վարկերի ձեռքբերման համար: Մինչդեռ հասցված վնասների պատճառով նրանք թաղվում են պարտքերի մեջ և չեն կարող շարունակել իրենց գործունեությունը»,– բացատրել է Էնֆիաջյանը` առաջարկելով այդ քաղաքացիներին համապատասխան աջակցություն ցուցաբերել պետական մակարդակով:
Հանձնաժողովի նախագահ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը իր հերթին նշել է, որ այդպիսի աջակցությունը հնարավոր չէ, քանի որ դա կարող է հանգեցնել գյուղական համայնքների բյուջեների լուրջ կրճատման:
Չնայած տնտեսական հարցերով հանձնաժողովի բացասական եզրակացությանը՝ «Ծառուկյան» դաշինքը օրինագիծը կներկայացնի խորհրդարանի քննարկմանը:
Նշենք, որ տարիներ շարունակ ՀՀ կառավարությունները բազմաթիվ որոշումներ են կայացրել բնական աղետից տուժած գյուղացուն ու ֆերմերին փոխհատուցելու մասին, սակայն դրանք միշտ ձևական բնույթ են կրել, իսկ մարզպետարաններն էլ կառավարության աչքը մտնելու համար մշտապես «պակասեցրել» են մարդկանց տնտեսությունների վնասի տոկոսները, որպեսզի կամ փող չտան, կամ հնարավորինս քիչ տան: