ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը»
ECONOMICSԱԺ–ում կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորների մեծ մասին հետաքրքրում էր, թե ինչպես է պատահում, որ հունվարից հետո սննդամթերքն ակնհայտորեն թանկացել է և նույնիսկ որոշ սննդամթերքների գինը մոտ 50%–ով ավելացել է, սակայն ԱՎԾ–ի հաշվարկներով հանրապետությունում գնաճը կազմում է ընդամենը 2,8%:
Եվ չնայած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոխի ու սխտորի գների նվազման օրինակով փորձեց տպավորիչ ներկայացնել, թե ինչպես է ստացվում, որ ԱՎԾ–ի՝ գնաճի թվերը միշտ փոքր են ստացվում,սակայն փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը համբերատար, նույն հռետորաբանությամբ փորձեց բացատրել, որ դա ԱՎԾ–ի հաշվարկի մեթոդոլոգիայի արդյունք է:
Այնուամենայնիվ, նկատենք, որ սա հերթական զավեշտն էր, որով իշխանությունները փորձեցին լռեցնել հասարակությանը:
Բայց, անկեղծ ասած, սովորական քաղաքացուն ամենևին էլ հետաքրքիր չէ, թե ԱՎԾ–ն ինչ մեթոդաբանությամբ է թվերը հաշվում և արդյունքում՝ թղթի վրա քանի տոկոսանոց արդյունք է ստանում: Հետաքրքիր է միայն այն, որ Հայաստանը թղթի վրա և Հայաստանն իրական կյանքում այնքան հեռու են իրարից, ինչքան Հյուսիսային բևեռը՝ Հարավայինից:
Եվ ինչ եք կարծում, փոխվարչապետի կողմից թվերի ու տոկոսների ստացման մեխանիզմների «գիտական» բացատրության ժամանակ քանի՞ մարդ հավատաց նրան, երբ իրական կյանքը բոլորովին այլ հաշվարկներով է ընթանում և փաստացի ամսվա կեսից հետո հասարակության ստվար մասը դատարկ գրպանով է իր կյանքը մաշում:
Ու եթե նախկինում պարզապես ծիծաղելի էր թվում իշխանավորների այդօրինակ մեկնաբանությունները, ապա հիմա վաղուց արդեն պարզ է, որ նրանք այնքան են կտրվել իրականությունից, որ իրենց թվում է, թե ուր որ է դառնալու ենք Շվեյցարիայի նման բարեկեցիկ երկիր:
Այս ամենում, սակայն, զավեշտալին այն է, որ անգամ բարձրաստիճան պաշտոնյաները չեն հավատում իրենց ասածին: Ուր մնաց, որ սովորական քաղաքացիները հավատան: Չինովնիկներն էլ գիտեն, որ պատգամավորները ինչ սուր սոցիալական հարց էլ որ բարձրացնեն, իրենք ընդամենը մի հեքիաթով տակից դուրս կգան:
Այդպես էր երեկ, այդպես է այսօր, այդպես կլինի նաև վաղը, քանի որ երկիրն անկառավարելի իրավիճակի հասցնող նախկին իշխանավորներն էլ նույն առոգանությամբ ու ոճով, ուրախ ու երջանիկ մոտենում էին ԱԺ ամբիոնին, ինչ–որ բան ասում, լավ իմանալով, որ երկիրը հստակ քայլերով գլորվում է դեպի ձորը:
Վաչե Գաբրիելյանը, ով այսօր հանդարտությամբ «բացատրում» էր երկրում աղքատության և գնաճի ԱՎԾ–ի՝ «ստացած» ցածր տոկոսների պատմությունը, ֆինանսների նախարար աշխատած տարիներին նույն ոճով ու հանգստությամբ բացատրում էր, թե տարածաշրջանում ինչքան կայուն ու զարգացող տնտեսություն ունեցող երկիր ենք ու ինչքան խելամտորեն ու հմտորեն ենք կարողանում կառավարել երկրի փողերը:
Արմինե Գրիգորյան