«Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները
ECONOMICSՀունվարի 24–ին Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր գյուղի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Միկմետալ» ՍՊԸ կողմից ներկայացված Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները: Այստեղ հանքարդյունահանում արդեն իսկ տեղի է ունենում, նոր հայտի նպատակը աշխատանքները ընդլայնելուն է վերաբերում:
Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի Լանջի տեղամասում «Միկմետալ» ՍՊ ընկերությունը՝ 20.12.2012 թ.–ին տրամադրված ընդերքօգտագործման թույլտվության շրջանակներում իրականացնում է օգտակար հանածոյի արդյունահանում բաց եղանակով: Հատկացված տեղամասում առկա մնացորդային պաշարների արդյունահանման նպատակով նախատեսվում է իրականացնել բացահանքի ընդլայնում ըստ խորության: Հանքավայրում օգտակար հանածո են հանդիսանում միջին պլիոցենի լիթոիդային պեմզաները:
Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի Լանջ տեղամասը գտնվում է Կոտայքի մարզում, Նուռնուս գյուղից մոտ 2,2 կմ արևելք, հարավ–արևելք և Ջրաբեր գյուղից մոտ 1,3 կմ հյուսիս–արևմուտք:
Ինչպես կարդում ենք նախագծում՝ ընդլայնված բացահանքի և նախատեսվող ենթակառուցվածքների տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակներ չեն արձանագրվել: Կարմիր գրքում գրանցված բուսական տեսակներից նախատեսվող Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրի Լանջ տեղամասի շրջանում հայտնի է միայն մի վտանգված տեսակ՝ Երնջակ Վանատուրի, որի աճման լոկալիտներից մեկը գտնվում է Ֆանտան գյուղում, որը հայցվող տեղամասից հեռու է ավելի քան 5 կմ–ով:
Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի Լանջ տեղամասը ներառված է Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր բնակավայրի վարչական տարածքում: Արտադրական ձեռնարկություններ համայնքում չկան, բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է և հողագործությունը: Զբաղվում են հիմնականում հացահատիկային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ:
Ջրաբեր համայնքի տարածքում են գտնվում պատմության և մշակույթի մի քանի հուշարձաններ, այդ թվում հին քարի դարի բացօթյա կացարանների համալիր, 14–20 դդ. գերեզմանոց, 1967 թ.–ին կառուցված հուշարձան՝ նվիրված երկրորդ աշխարհամարտում զոհվածներին և 1960–ական թթ.–ի հուշարձան՝ նվիրված Հայաստանի խորհրդային կարգերի հաստատման 40–ամյակին:
Նախագծի հեղինակները կարծում են, որ Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի Լանջ տեղամասի շահագործման մեթոդաբանությունը, կիրառվող տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները թույլ չեն տա, որ շահագործումը բացասաբար անդրադառնա պատմամշակութային հուշարձանի վիճակի վրա: Միաժամանակ, բնապահպանական միջոցառումների համար ընկերությունը նախատեսում է տարեկան մասնահանել 450 հազար դրամ:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան