Եվրահանձնաժողովը Վրաստանին 3,4 մլն դոլար է տրամադրել ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար
INTERNATIONAL NEWSԵվրոպական հանձնաժողովը որոշում է կայացրել Վրաստանին 3,4 միլիոն դոլար տրամադրել Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար: Այդ մասին հայտնել է ԵՄ-ում Վրաստանի ներկայացուցչությունը, հաղորդում է Interfax.ru-ն:
Մասնավորապես՝ մինչև 3 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրվում ջրհեղեղի հետևանքով վնասված բնակելի շենքերի վերականգնման համար: Եվս 400 հազար դոլար տրամադրվում է որպես մարդասիրական օգնություն: Այդ միջոցները կուղղվեն մթերքների, ծածկոցների, խոհանոցային պարագաների, ջրի, ինչպես նաև աղետից տուժած ընտանիքների սանիտարական և բժշկական օգնության համար:
Հունիսի 15-ին Վրաստանի իշխանությունները Եվրամիության երկրներից ֆինանսական և փորձագիտական օգնություն են խնդրել ջրհեղեղի հետևանքների վերացման գործում:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում կիրակի օրը տեղատարափ անձրևը կարկուտի և քամու հետ կաթվածահար է արել քաղաքը: Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ և ենթակառուցվածքներ: Վերջին տվյալներով՝ մահացել է 19 մարդ։ Նախնական տվյալներով՝ վնասը կազմել է ավելի քան 45 միլիոն դոլար:



