Արարատ-Մոսկվա. աբսուրդի թատրոն
ANALYSISՄոսկվայի Արարատ ֆուտբոլային ակումբի շուրջ վերջին օրերին բարձրացած աղմուկը եկավ փաստելու մի բան, որ անկախ գտնվելու վայրից, հայկական նախագծերը չարաբաստիկ միտում ունեն համակարգաստեղծ լինելուց վերածվել ներհայկական մենթալիտետային գզվրտոցների:
Հիշեցնենք, մի խումբ մոսկվաբնակ հայ մեծահարուստներ որոշել էին Արարատ անունով ակումբ ստեղծել, որը հանդես էր գալիս Ռուսաստանի 1-ին խմբի առաջնությունում: Թիմ էին հրավիրվել ժամանակին ռուսական ֆուտբոլի մի շարք հայտնի խաղացողներ, ովքեր արդեն ֆուտբոլային տարիքից անցել էին:
Օրերս, սակայն, լուր տարածվեց, որ ակումբի տնօրենը գումար է վերցրել ակումբի ֆոնդից և անհետացել: Հետո լուրեր պտտվեցին այն մասին, որ թիմը փակվում է: Այնուհետ խոսք գնաց նոր հովանավորներ գտնելու մասին:
Զարմանալիորեն Մոսկվայի Արարատի շուրջ տիրող իրավիճակը ոչնչով չի տարբերվում հայկական այլ նախագծերի ճակատագրից, որտեղ անձնական այսրոպեական շահերը գերակշռում են հեռանկարային մոտեցումներին, իսկ ռացիոնալ համակարգ ստեղծելը ստորադասվում է սիմվոլիզմին:
Երբ Մոսկվայում ստեղծվում է Արարատ անունով ֆուտբոլային թիմ, դա սիմվոլիզմ է և ուրիշ ոչինչ: Ենթադրենք թիմը հաջողել է: Ում է այն ներկայացնելու, օրինակ, եվրոլիգաների հանդիպումներում ՝ Մոսկվայի հայերի՞ն:
Մոսկվայի Արարատ թիմի նախաձեռնությունն ինքնին, նույնիսկ առանց վերջին օրերի աղմուկի, ցույց է տալիս, թե ինչպես է սփյուռքը ընկալում հայկականությունն ու Հայաստանը: Հայկականության նրա ընկալումները տեղավորվում են Հայաստանից դուրս:
Մինչդեռ Ադրբեջանում Ղարաբաղ անունով թիմը, որի վրա ահռելի ներդրումներ են արվել իշխանության ուղղորդմամբ, հայտնվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, հայկական սփյուռքը, կորուսյալ հայրենիքի սիմվոլը որպես անուն ընտրելով հիմնում է ֆուտբոլային թիմ, համալրում այն թոշակի գնացած աստղերով ու հայտնվում սկանդալի մեջ:
Սփյուռքին ամեն դեպքում մեղադրել չենք կարող, իրենք Հայաստանի քաղաքացի չեն, որևէ պատասխանատվություն չունեն Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ պատասխանատվություն ունի հայաստանյան իշխանությունն ու ֆուտբոլի ղեկավարությունը: Իշխանություն, որ սփյուռքի հետ բազում համաժողովներ է անում, բայց չի կարողանում նույն այդ սփյուռքի ֆուտբոլային գումարներն Մոսկվայի Արարատի փոխարեն ուղղորդել ասենք դեպի Երևանի Ալաշկերտ:
Արտակ Ասլանյան



