Չորրորդ հանրապետության առաջին նախագահ Արմեն Սարգսյանի հետ նոր մոնոպոլիա մտավ Հայաստան
SOCIETY
past.am-ը գրում է.
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը չի համարում, որ ինքը ՀՀ չորրորդ նախագահն է լինելու և հետաքրքիր ձևակերպում է տվել իր հետագա պաշտոնին՝ Չորրորդ հանրապետության առաջին նախագահ:
Ինչևէ, Չորրորդ հանրապետության ապագա առաջին նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստան գալով, փաստորեն, Հայաստանում մի մոնոպոլիա էլ ավելացրեց:
Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը Վրաստանում գործող «Պեպսի» ընկերության սեփականատերն է: Իսկ Հայաստանում «Ջերմուկ ինտերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ՍՊԸ-ի հետ 50/50 սկզբունքով պեպսի էր արտադրում: Վերջերս Ջերմուկի Աշոտ Արսենյանից գնեց նաև մյուս 50 %-ը: Եվ այժմ Հայաստանում ու Վրաստանում Արմեն Սարգսյանն է պեպսի-կոլա բաժանում:
Բայց կա էլ ավելի հետաքրքիր փաստ: Վերջին ամսում Հայաստանի, հատկապես Երևանի գրեթե բոլոր ռեստորաններում ու խանութներում օգտագործվում ու վաճառվում է համարյա միայն պեպսի-կոլա: Ռեստորաններից ու շատ խանութներից արդեն դուրս է մղվել կոկա-կոլան:
Դիմում ես կոկա-կոլա խնդրելով, քեզ առաջարկում են պեպսի-կոլա, որովհետև կոկա-կոլա չունեն և չեն էլ ունենալու:
Այսպես, «արմունկներով» աջուձախ հրելով՝ պեպսի-կոլան շուկայից դուրս է մղում կոկա-կոլային:
Արմեն Սարգսյանի «խաթեր համար» էս մի մոնոպոլիան էլ իրեն են «փեշքեշ» անում:
Խեղճ կոկա-կոլա և կոկա-կոլա խմողներ...