Միջազգային ավիացիոն կոմիտեն հայտնել է Ռուսաստանում Ան-148-ի վթարի նախնական պատճառը
INTERNATIONAL NEWSՄիջազգային ավիացիոն կոմիտեի նախնական ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանում Ան-148 ինքնաթիռի վթարի պատճառ է դարձել ինքնաթիռի ընդհանուր ճնշման ընդունիչի սառցակալումը: Ինչպես հաղորդում է RBK-ն, ավիացիոն կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ դա հնարավորություն չի տվել օդաչուներին ճիշտ գնահատել ինքնաթիռի արագությունը:
Կոմիտեն եզրակացությունները հրապարակել է «սև արկղերի» վերծանումից հետո:
«Տեղեկատվության նախնական վերլուծությունը, ինչպես նաև նախկինում գրանցված նմանատիպ դեպքերի վերլուծությունը թույլ են տալիս եզրակացնել, որ վթարի պատճառ կարող էին դառնալ արագության վերաբերյալ սխալ տվյալները»,- նշված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ այդ տվյալների սխալ լինելու պատճառ էլ հանդիսացել է ընդհանուր ճնշման ընդունիչի սառցակալումը:
Ան-148 մարդատար օդանավը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, փետրվարի 11-ի Մոսկվայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15։27)։ Այն կատարում էր Մոսկվա-Օրսկ չվերթը։
Oդանավում գտնվել է 65 ուղևոր և անձնակազմը։ Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 71 մարդ։ ՌԴ ԱԻՆ-ում հաստատել են, որ օդանավի բեկորները հայտնաբերվել են Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանում։ Վթարի հետևանքով զոհվածների թվում կային երկու հայեր՝ ինքնաթիռի երկրորդ օդաչու Սերգեյ Գամբորյանը և ուղևոր Վարսիկ Սևոյանը: