Փորձագետ. «Այս երկիրը Շահ Աբաս է տեսել, Լենկ Թեմուր է տեսել, բայց այնպիսի բաներ չէր տեսել»
SOCIETY
Ջրային պաշարների և ջրի կազմի անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը, անդրադառնալով օրերս սոցիալական ցանցերում ամենաքննարկվող՝ պոչանքների պարունակությունը Դեբեդ գետը լցվելու կադրերին, past.am-ի հետ զրույցում ասաց, որ դա մասնագետների համար ամենևին էլ նորություն չէ և զարմացավ, թե ինչու է ժողովուրդը այդքան ցնցված այդ ամենից: Նա վերջին անգամ ամառն է նմուշառում արել, ունի նաև 2013, 2014 թվականների տվյալները Թեղուտում և Ախթալայում իրականացված ստուգումների մասին:
«Ախթալա գետ չկա: Շնող գետն ամբողջովին ավիրել են: Դա ե՞ք ուզում լսել: Ես ունեմ նաև մինչև պոչամբարի աշխատեցնելու տվյալները նաև: Մոնիտորինգի արդյունքները կարելի է նայել, որ Դեբեդ գետի ջրերը այդ հատվածում ծանր մետաղներով 5-րդ կարգի աղտոտվածություն ունեն: Դա այնքան հայտնի փաստ է, որ զարմանալու բան չկա: Ես Հայաստանի ուրիշ գետերի նկարներ էլ ունեմ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է հանքերից եկող ջուրը թափվում գետի մեջ ու գետի ջուրն այդ հատվածում ինչպես է գույնը փոխում: Չեմ հասկանում, թե այդտեղ ինչ սենսացիոն բան կա, որ զարմացել եք: Մշտապես էլ նույն պատկերն է եղել, դա ինչի՞, նորություն է»,- ասաց Ս. Մինասյանը:
Փաստորեն, ստացվում է, որ երկրում ազգային ունեցվածքի նկատմամբ ոչ մի նվաճող այս աստիճանի վատ վերաբերմունք չի ցուցաբերել մեր երկրին, ինչպես որ մեր հայրենի իշխանությունները:
«Այս երկիրը Շահ Աբաս է տեսել, Շապուհ է տեսել, Լենկ Թեմուր է տեսել, բայց այնպիսի բաներ չէր տեսել, ինչ որ հիմա են անում: Այն, ինչ հիմա է արվում, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Եվ ցավալին այն է, որ բացարձակ անտարբերություն է այն հարցում, թե բնությանը վնա՞ս է պատճառվում, թե ոչ: Նրանք հանքից ինչ որ պետք է հանեն ու գնան, իսկ թե դրանից հետո բնությանը ինչքանով է վնաս պատճառվում, դա ոչ մեկին չի հետաքրքրում: Պետք է վերևում հասկանան, որ չի կարելի երկիրը նման ձևով թունավորել»,- ասաց փորձագետը:
Արմինե Գրիգորյան