Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են
SPORT
23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերի հաղթողը Կանադայի զույգն է:
Past.am-ի հաղորդմամբ` Փհենչհանում շարունակվում են ձմեռային Օլիմպիական խաղերը: Գեղասահքի պարային զույգերի պայքարում Օլիմպիական խաղերի չեմպիոնները դարձան Կանադան ներկայացնող Տեսա Վիրտու-Սքոթ Մոյր զույգը, որը ընդհանուր հավաքելով 206,07 միավոր՝ սահմանեց նաև աշխարհի նոր ռեկորդ: Երկրորդ տեղում ֆրանսիացիներ Գաբրիելա Պապադիկիս-Գիյոմ Սիզերոն զույգն է: Իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին ԱՄՆ մասնակիցները` Մայա Սիբուտան-Ալեքս Սիբուտան:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերն անցկացվում են երկրորդ անգամ: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: