Ժողովրդին փողոց հանելու խնդիրը
POLITICS«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանը կարծում է, որ փողոցային պայքարի հանրային պահանջ կա և հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի հասարակությունը դուրս գա փողոց և իր բողոքի ձայնն արտահայտի:
Ճակատի անդամներն այս օրերին հանդիպումներ են ունենում քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների հետ և փորձում են համագործակցության եզրեր գտնել առաջիկա միջոցառումները միասնական ջանքերով անցկացնելու համար: Իսկ հաջորդ միջոցառումը տեղի է ունենալու ուրբաթ՝ մարտի 23-ին, ժամը 18.30-ին, որի ժամանակ էլ կհայտարարվի հետագա քայլերի մասին:
«Ես հիմա լիազորված չեմ մանրամասներ ասել, բայց առաջիկա հրապարակային գործողությունների ժամանակ կհնչեն այլ մանրամասներ, ճակատի հետագա քայլերի մասին»,- ասաց Դ. Սանասարյանը:
Քաղաքական-հասարակական գործիչը Արամ Կարապետյանի այն տեսակետը, թե՝ եթե հնարավոր լինի 100 հազար մարդ դուրս բերել փողոց, ապա կարելի կլինի բավականին հարցեր լուծել, չմեկնաբանեց: Փոխարենը նշեց, որ ինքը ենթադրություններով չի զբաղվում:
«Մենք աշխատում ենք, որպեսզի ժողովուրդը դուրս գա փողոց: Ինչքան մարդ կլինի կամ չի լինի, դա այլ հարց է: Որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե քանի մարդ կմասնակցի միջոցառումներին: Հարկավոր է ստեղծել այն միջավայրը, որ միջոցառման մասնակիցների թիվը հազարների հասնի»,- ասաց Դ. Սանասարյանը:
Նա նշեց, որ միշտ էլ փողոցային պայքարի հասարակական պահանջը կա, պարզապես հարկավոր է ճիշտ քաղաքական մարտավարություն ընտրել:
«Քաղաքացիների վիճակը օր-օրի գնալով ավելի է ծանրանում: Եվ ինչպես կարող է պայքարելու պահանջարկ չլինել: Այս իշխանություններից շատերն են զզված: Խնդիրը միայն այն է, թե ինչպես ենք այդ համախմբումն ապահովելու, որպեսզի կարողանանք իշխանություններին հեռացնել»,- ասաց Դ. Սանասարյանը:
Նա նաև հավելեց, որ հասարակությունը կոնկրետ սպասելիքներ ունի իրենցից և անհամբեր սպասում է դրանց իրականացմանը: Հարցին, թե՝ դժգոհներն այլևս չեն սպասում, այլ արտագաղթում են երկրից, Դ. Սանասարյանն ասաց, որ ոչ բոլորն են նման քայլի դիմում:
«Այնպես չէ, որ բոլորն արտագաղթում են: Մարդիկ կան, որոնք նախընտրում են Հայաստանում մնալը: Մենք նաև պոտենցիալն ենք տեսնում, տեսնում ենք նաև այն մարդկանց, ովքեր պատրաստ են երկրում մնալ ու պայքարել: Իսկ թե ինչ կլինի առաջիկայում, ցույց կտա ժամանակը»,- ասաց Դ. Սանասարյանը:
Նշենք, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամներ են Կարապետ Ռուբինյանը, Պետրոս Մակեյանը, Սուսաննա Մուրադյանը, Ալբերտ Բաղդասարյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը և այլ նախկին ու ներկա քաղաքական ու հասարակական գործիչներ:
Արմինե Գրիգորյան
X