Արամ Սարգսյանը համոզված է, որ այս պահին հանրահավաքային տրամադրություններ չկան
POLITICS«Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից «Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը» չեն հրավիրել մասնակցելու իրենց կողմից կազմակերպվող հանրահավաքին, որի ժամանակ բարձրացվելու էր ոչ միայն իշխանափոխության, այլև համակարգային փոփոխության պահանջ: ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգյանը կարծում է, որ այս օրերին նման պահանջով մարդկանց հանրահավաքի հրավիրելը ուշացած քայլ է:
«Ցավոք սրտի, դրանք այն պահանջները չեն, որոնք կարող են հասարակության մոտ հույս արթնացնել, թե դրանք կարող է իրականանան: Եվ եթե ժողովուրդը, այնուամենայնիվ, այդ պահանջներին հավատա և դուրս գա հանրահավաքի, պետք է կարողանալ հաղթանակի հույս արթնացնել: Ու եթե հերթական անգամ կրկին ոչինչ չստացվի, ապա մարդիկ նորից հուսախաբ կլինեն և նորից արտագաղթի ալիք կբարձրանա: Իսկ իմ և մեր կուսակցության համար շատ կարևոր է մարդկանց հուսախաբ չանելը: Բացի այդ, իմ կարծիքով այս պահին բարձրացված հարցերի մասով հասարակական պահանջ չկա»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ իրենց տարիների փորձը թույլ է տալիս ասել, որ պայքարի նպատակով հասարակությանը դուրս կանչելուց առաջ, հարկավոր է բոլոր հաշվարկները ճիշտ անել, համոզված լինելով, որ այնուամենայնիվ պայքարը գոնե որոշ չափով հաջողության է բերելու: Բայց ներկա փուլում նա լուրջ կասկածներ ունի, որ հասարական շարժում հնարավոր կլինի կազմակերպել:
«Մենք այսօր նման գնահատական տալ չենք կարող: Եթե հանրահավաք հրավիրողները կարծում են հնարավոր է հասարակական շարժում կազմակերպել, թող կազմակերպեն: Եվ եթե 100 հազար մարդ կարողանան դուրս բերել փողոց, ապա կկարողանան նաև իշխանությունների վրա ճնշում գործադրել: Բայց խնհդիրն այն է, որ չեմ կարծում, թե հնարավոր կլինի այդքան մարդ դուրս բերել փողոց»,- ասաց Ա. Սարգսյանը:
Խոսելով խորհրդարանական «Ելք» դաշինքում առկա անհամաձայնության մասին, նա նշեց, որ ամենայն հավանականությամբ դաշինքի յուրաքանչյուր կուսակցություն իր մոտեցումն ունի, այդ պատճառով չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ հանրահավաքային պայքարը իշխանափոխության հասնելու միակ ճանապարհն է և հույս էր հայտնել, որ ճակատի անդամներին կհաջողվի իրենց կողմից ներկայացվող Սերժ Սարգսյանի վարչապետության կանխման, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն հիմնելու, սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, նոր «Ընտրական օրենսգիրք» ընդունելու, «Կուսակցությունների մասին» օրենք ընդունելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջները ժողովրդի պահանջն են և իրենք ամեն ինչ անելու են դրանք իրականություն դարձնելու համար:
Նման վճռական կեցվածքը, սակայն Ա. Սարգսյանը որակում է որպես երիտասար ուժերի ցանկություն, որը դժվար թե մեծ արդյունք ապահովի:
Արմինե Գրիգորյան