Կոնֆետ ու թանկարժեք կահույք՝ Մեղրիի գնումների պլանում
SOCIETYՍյունիքի մարզի Մեղրի քաղաքի համայնքապետարանը ներկայացրել է 2018 թվականի գնումների փոփոխված պլանը: Ֆինանսների նախարարության ՀՀ գնումների համակարգում ներկայացված փաստաթղթից Past.am-ը տեղեկանում է, որ Մեղրիի համայնքապետարանն ընթացիկ տարում պատրաստվում է 18040000 ՀՀ դրամ արժողությամբ գրասենյակային կահույք գնել:
Գնման մեկ անձից կատարվող ընթացակարգով համայնքապետարանը կգնի նաև 601 000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոպահեստամասեր:
Գնումների պլանում են նաև 12 տուփ կոնֆետ, որոնցից յուրաքանչյուրն արժե 5000 դրամ: Կոնֆետ գնելու համար, ընդհանուր առմամբ, կծախսվի 60 000 ՀՀ դրամ: 73 000 ՀՀ դրամ կծախսվի ևս 10 տուփ կոնֆետ գնելու համար: Այս դեպքում կոնֆետի մեկ տուփն արժե 7300 ՀՀ դրամ: Կգնեն նաև 15 000 դրամ արժողությամբ 5 տարի հնեցմամբ 10 շիշ կոնյակ:
Նվերների և պարգևների համար էլ գնումների պլանում նախատեսվել է 705 000 ՀՀ դրամ: Փաստաթղթում տեղ են գտել նաև կենցաղային մի շարք ապրանքատեսակներ:
Օրինակ, նախատեսվում է նաև 4 ջրատաքացուցիչ կաթսա գնել, որոնք ձեռք բերելու համար ընդհանուր առմամբ կծախսվի 260 000 ՀՀ դրամ: Կգնեն նաև խոհանոցի էլեկտրական 4 սալօջախ՝ ծախսելով 248 000 ՀՀ դրամ: Էլեկտրական կախովի 4 ջեռուցիչ գնելու համար էլ կծախսվի 1800000 ՀՀ դրամ:
Աննա Բադալյան