ՀԱԿ-ի գործընկեր կուսակցությունը կկատարի «իր քայլը»
POLITICS«Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցությունը և Հրազդանի, Շիրակի, Արմավիրի բոլոր մարզային կառույցները միացել են ժողովրդական ալիքին, ժողովրդի հետ են ու ժողովրդի կողքին:
Նման որոշում կուսակցությունը կայացրել է այսօր առավոտյան և կարծում են, որ այսօրվա շարժումը, որին առավելապես երիտասարդներ են մասնակցում և հուժկու ալիք են բարձրացրել, պետք է որ հասնի իր տրամաբանական հաղթական ավարտին:
«Այսպես ապրել այլևս անհնարին է, այս շարժումը ցույց տվեց, որ դեռ պայքարի ներուժ կա: Եվ հետաքրքիրն այն է, որ շարժման հիմնական լոկոմոտիվը երիտասարդներն են: Ավելի վաղ թվում էր, թե հասարակությունը հուսալքված է, իսկ երիտասարդությունն՝ անտարբեր, սակայն այսօրվա բազմամարդ ակցիաները և իրադարձությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ չէ, որ կորած է: Բոլորի դեմքին արթնացել է հույսի շողը և ես շատ կափսոսեմ, եթե նորից հուսախաբ անենք այս ժողովրդին»,- ասաց Ա. Եղոյանը:
Նա նաև նշեց, որ վստահ է, թե այս շարժումն ունենալու է իր հաղթական ավարտը: «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահը, ով նախորդ խորհրդարանական ընտրություններին հանդես է եկել ՀԱԿ-ի ցուցակով, նշեց, որ տեղեկացված չէ, թե նախկին գործընկեր կուսակցությունն ինչ որոշում է կայացրել և կմիանա՞ն արդյոք շարժմանը, թե՝ ոչ:
«Հանրահավաքի ժամանակ ես տեսա ՀԱԿ որոշ անդամների, սակայն ի՞նչ որոշում կկայացնեն վարչության անդամները, չեմ կարող ասել: Բայց ես, որպես քաղաքական գործիչ, որպես հայ մարդ, չեմ կարող անտարբեր մնալ և ընդդիմադիր քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ միանալ շարժմանը»,- ասաց Ա. Եղոյանը:
Նիկոլ Փաշինյանի կողքին նախկինից հայտնի հատուկենտ քաղաքական գործիչների առկայությունը նա չի կարևորում, քանի որ, ըստ կուսակցության ղեկավարի, այս պահին հայտնի դեմքը ժողովուրդն է:
«Հայտնի դեմքը ժողովուրդն է, և ինքն է պայքարում, որոշում իր իրավունքների, ազատ ապրելու և այս վիճակից դուրս գալու համար: Հիմա ոչ թե նախընտրական և հետընտրական պրոցեսներ են տեղի ունենում, այլ այն, ինչ պետք է վաղուց տեղի ունենար: Երկար տարիների դադարից հետո ժողովուրդը վերջապես արթնացավ և ցույց տվեց, որ այլևս չի կարողանում այսպես ապրել, քանի որ գնում ենք դեպի բռնապետություն: Եվ ոչ մի քաղաքական ուժ չի կարող դրա դեմ միայնակ պայքարել, դրա դեմ պետք է միասնական համախմբված պայքար մղի ժողովուրդը և կանխի Հայաստանի սուլթանացումը»,- ասաց Ա. Եղոյանը:
Արմինե Գրիգորյան