Համալսարանը ստորագրահավաքով չի կարող տալ դիպլոմ, անձնական գործը կուսումնասիրվի.ԵՊՀ պարզաբանումը
SOCIETYԵրևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ նախաձեռնել են ստորագրահավաք` ԵՊՀ ղեկավարությունից պահանջելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հանձնել նրա դիպլոմը: Ուսանողների նամակում ասված է, որ 1995 թվականին Փաշինյանը հեռացվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի հինգերորդ կուրսից: Ըստ նախաձեռնողների` բուհի ղեկավարության պատճառաբանությունը դասապրոցեսից բացակայություններն էին: Փաշինյանն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ դա պայմանավորված էր քաղաքական գործոններով, քանի որ ինքն այդ ժամանակ արդեն ճանաչված լրագրող էր և աչքի էր ընկնում սուր հոդվածներով: Orer.am-ի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին- Տերյանն ընդգծեց` պետք է լինի դիմում և ուսումնասիրվեն ակադեմիական տարբերությունները: «Մենք կուսումնասիրենք Նիկոլ Փաշինյանի անձնական գործը:Եթե պարզվի, որ կան ստուգարքներ, չհանձնված քննություններ, ապա դրանք պետք է հանձնվեն: Իրարամերժ բաներ են ասում: Մենք չենք կարող ուսանողների խոսքերը կամ մամուլի հոդվածները հիմք ընդունել: Համալսարանը ստորագրահավաքով դիպլոմ չի տալիս, պետք է գործն ուսումնասիրենք»,-նշեց մեր զրուցակիը: Գևորգ Էմին-Տերյանը մեզ հայտնեց, որ չորեքշաբթի, երբ ՀՀ-ում կլինի աշխատանքային օր, ինքը կփորձի ուսումնասիրել ԵՊՀ արխիվը: