«Քաղաքական, մշակութային կյանքում հնացած ու դախացած մարդկանց այս հեղափոխությունը պետք է սրբի-տանի». Հայկ Սուքիասյան
INTERVIEW- Վարչապետի նախորդ քվեարկությանը ՀՀԿ-ից միայն մեկ պատգամավոր՝ Ֆելիքս Ցոլակյանը քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին, ինչին հետևեցին առաջարկություններ նրան ԱԱԾ պետ նշանակելու մասին: Հիմա մյուս քվեարկությանը այն ՀՀԿ-ականները, ովքեր կքվեարկեն Փաշինյանի օգտին, կարո՞ղ են դա անել որոշակի ակնկալիքներ ունենալու պատճառով:
-Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամեն ինչ լինելու է օրենքի և իրավունքի շրջանակներում: Մեզ համար առաջնայինը հեղափոխության առաջնորդի տեսակետն է: Պարզ է, որ ինչ-որ մարդիկ կփորձեն իրենց համար տաք անկյուններ որոնել: Թե մյուսներն ինչ նպատակով են քվեարկելու, ես չգիտեմ: Բայց մեկ բան ակնհայտ է՝ չքվեարկել չեն կարող, որովհետև նրանց մեջ մարդիկ կլինեն, ովքեր գրագետ են, հավանաբար կարդացել են հեղափոխությունների պատմություն: Հեղափոխությունները ալիքներ են բերում: Այս թավշյա հեղափոխությունը խոսում է մեր ժողովրդի բարձր որակի մասին: Հիմա եթե «Հանրապետականն» այս անգամ փորձի տապալել, ընդհանրապես կհայտնվի անդունդում: Ինչ-որ մարդիկ դա հասկանում են և փորձում են կանխել: Գուցե ենթագիտակցական մակարդակում կամ տեսականորեն չեն կարողանում իրավիճակն իմաստավորել, բայց հասկանում են, որ ճար չունեն:
- Այս օրերին թացն ու չորն իրար են խառնվել: Շարժումից առաջ շատերը ՀՀԿ-ի ջատագովն էին, իսկ այսօր ներկայանում են որպես հեղափոխական: Նման մարդկանց ինչպե՞ս պետք է տարբերակի Նիկոլ Փաշինյանի թիմը, հատկապես, որ շատ-շատերը գուցե միանան «Քաղաքացիական պայմանագրին»:
-Հեղափոխությունը հաղթել է և դա անդարձ է: Պարզ է, որ որոշ մարդիկ անձնական նկատառումներից ելնելով կփորձեն իրենց համար շահ որոնել: Ես կառաջարկեմ հետևյալը: Բոլոր այն մարդիկ, ովքեր անցած 25 տարվա ընթացքում ՀՀ քաղաքական, մշակութային կյանքում և ժողովրդի գիտակցության մեջ մնացել են որպես կոռումպացված, մեր մշակույթի հետ առնչություն չեն ունեցել, հնացած են, դախացած, նրանց բոլորին պետք է այս հեղափոխությունը սրբի-տանի, որպեսզի պետությունն ու ժողովուրդը կարողանան այս հեղափոխության արդյունքները իսկապես վայելել:
Որոշ մարդիկ կփորձեն իրենց համար տաքուկ վրաններ որոնել, բայց հեղափոխության նպատակը դա չէ, այլ՝ նոր շնչառությունը, ՀՀ քաղաքական, ժողովրդավարական, մշակութային ու իրավական նոր կյանքը: Այն, ինչը մեր ժողովրդի մշակույթի ու արքետիպի մեջ է, պետք է վերադարձնել:
Հեղափոխության ղեկավարներին առաջարկում եմ տեղ չտալ այս մարդկանց, ովքեր իրենց կենսագրությամբ հայ ժողովրդին ծանոթ են որպես կոռումպացված, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա շնչել: Եղած բալաստից պետք է ազատագրվել:
Երրորդ հանրապետությունը մեզ հայտնի դարձավ կոռուպցիայով, կաշառքով, արտագաղթով, ընտրությունների կեղծարարությամբ ու աղքատությամբ: Այս գարշահոտությունը չպետք է տարածվի այս նոր երիտասարդ հանրապետութան վրա:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am