Վնասված մեքենաների փոխհատուցման հարցերը՝ մեկ ամսից
SOCIETYԻնչպես հայտնի է, խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բազմաթիվ քաղաքացիներին պատկանող մեքենաներ են վնասվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս բողոքի ակցիաներ կազմակերպելու և առաջնորդելու ժամանակ էր հայտարարել, որ այն անձինք, ովքեր նյութական վնաս են կրել, անպայման փոխհատուցվելու են:
Թավշյա հեղափոխության բարեհաջող ավարտից և կառավարության ձևավորումից հետո հասարակության շրջանում լուրեր էին տարածվել, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն սկսել է փոխհատուցումների տրամադրումը: Տուժած քաղաքացիներից մեկը դիմել էր Past.am-ի խմբագրությանը՝ ճշտելու, թե փոխհատուցում ստանալու համար որտեղ, ում և ինչ կարգով պետք է դիմել:
«Առաջնահերթություններ կան, որոնցով մենք առաջնորդվում ենք: Որոշ ժամանակ անց այդ հարցի մասին էլ կհայտարարենք և դրան նույնպես միանշանակ լուծում կտրվի: Մեզ ընդամենը մոտ մեկ ամիս ժամանակ է հարկավոր: Դրանից հետո կհայտարարենք, թե ինչպես և ում պետք է քաղաքացիները դիմեն, ինչ տվյալներ պետք է ներկայացնեն և այլն: Բայց որ հարցին լուծում կտրվի միանշանակ է»,- Past.am-ին փոխանցեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Արմինե Գրիգորյան



