ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի սննդամթերք արտադրողների ապրանքատեսակների շնորհանդես
ECONOMICSՌԴ-ում ՀՀ դեսպանությունում հունիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի սննդամթերք արտադրող ընկերությունների ապրանքատեսականու շնորհանդեսը: Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից՝ հավելելով. «Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ով իր խոսքում ընդգծեց դեսպանության ներքո անցկացվող նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունը՝ խթանելով հայկական արտադրանքի տարածմանը ռուսաստանյան շուկայում:
Իր հերթին ՌԴ-ում ՀՀ առևտրի ներկայացուցիչ Կարեն Ասոյանը միջոցառման հյուրերին ներկայացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համար ընձեռված նոր հնարավորությունները:
Միջոցառումը տեղի ունեցավ շնորհանդես-համտեսի ձևաչափով, որին մասնակցեցին ավելի քան 20 արտադրող Հայաստանից, այդ թվում՝ կաթնամթերքի, գինու, կոնյակի, բուսական և մրգային պահածոների, հրուշակեղենի արտադրողներ, ինչպես նաև ձկնամթերք և միս վերամշակող ձեռնարկություններ:
Ռուսական կողմից շնորհանդեսին մասնակցեցին խոշոր առևտրային ընկերությունների և մանրածախ ցանցերի ներկայացուցիչներ («X5 Retail Group» և այլն), մթերային ինտերնետ խանութների և ռեստորանային ոլորտի մասնագետներ:
Շնորհանդեսին մասնակցեցիների թվում էին նաև սննդամթերքի մասնագիտացված լոգիստիկ կենտրոնների ներկայացուցիչներ և հայազգի ՌԴ գործարարներ:
Միջոցառումը կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՌԴ-ում ՀՀ առևտրի ներկայացուցչի կողմից` «Բիզնես Հայաստան» հիմնադրամի մասնակցությամբ»: