Սեր և ատելություն. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Սերն ու համերաշխությունը, իսկ առավել ևս սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը չափազանց գեղեցիկ բաներ են: Սակայն դրանք առավել գեղեցիկ են լինում, երբ միայն որպես հայտարարություններ կամ անվանումներ չեն, այլ` իրողություններ: Ցավոք, այսօր հայաստանյան մեդիահարթակներում մենք շատ քիչ ենք տեսնում և՛ սեր, և՛ համերաշխություն, և՛ հանդուրժողականություն, և՛ էլի շատ ու շատ անհրաժեշտ բաներ: Սա չի նշանակում, թե նախկինում այդ ամենը կար, բայց նախկինում հեղափոխություն չկար, ուստի պահանջելու ու ակնկալելու բան էլ չկար:
Այսօր, թվում է, թե փոխվելու էր պաշտոնյաների, հասարակական ակտիվի, քաղաքական գործիչների կամ էլ պարզապես ակտիվ սոցցանցային օգտատերերի բառապաշարը, շեշտադրումները, պիտակավորելու մարմաջը: Սակայն, կարծես թե, այդպես չի լինում: Պաշտոնյաները, իհարկե` ոչ բոլորը, շարունակում են պիտակներով խոսել այլոց մասին` հանդես գալով ինչ–որ անհասկանալի բարձր մակարդակի դիրքերից` այլոց էլ ցածրացնելով, մեդիաբանավեճերում անգամ հարգարժան քաղաքական ու հասարակական գործիչներ իջնում են հայհոյանքների մակարդակի, իսկ դե այս ամենի կուլմինացիան է դառնում մորթելու, կախելու, դավաճան, ադրբեջանցի, թուրք ու էլի հազար ու մի բան հայտարարելու անվերջ ու փոխադարձ շղթաները:
Մեկին դավաճան են հայտարարում պատմական հողերը անգիտորեն (կամ ոնց կուզեք) գրավյալ հայտարարելու համար, մյուսին կախում են (կամ վառում, գնդակահարում և այլն` ըստ ճաշակի), Հայաստանի նախագահներից որևէ մեկին պաշտպանելու կամ հավատարիմ լինելու համար, երրորդին հասարակական պարսավանքի են ենթարկում մեկ անհաջող կամ էլ անմեղ բառի կամ արտահայտության համար: Մի խոսքով` սիրուց և հանդուրժողականությունից մնում են միայն հնչյունները: Ի դեպ, թող չասեն, թե միայն նախկին իշխանությունների ներկայացուցիչներն ու նվիրյալներն են, որ այսօր չեն կարողանում համակերպվել ու ատելություն են սերմանում, այո, նրանք կան, նրանք ատելությամբ են լցված, բայց դա փոխադարձ է և սիրո ու հանդուրժողականության ճամբարից հնչում են ոչ պակաս ատելության խոսքեր և հենց այստեղ է, որ մոտենում է հրատապ կանգ առնելու պահը, այլապես հետո չենք կարողանա հավաքել սիրո ու հանդուրժողականության հեղափոխության փշրանքները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում