Դրամական միջոցներն ավելացել են. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 40 000 ԱՄՆ դոլար և 587 066 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված 2018 թ. պաշտոնը ստանձնելու նրա հայտարարագրից: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են կենսաթոշակից և աշխատավարձից: Կենսաթոշակի եկամուտը կազմել է 482 000, աշխատավարձինը` 871 783 ՀՀ դրամ: Երկուսի հանրագումարը կազմել է 1 353 783 ՀՀ դրամ:
Նշենք, որ 2010 թ. Համլետ Գասպարյանը Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել: 2014թ. համատեղության կարգով նշանակվեց նաև Չեռնոգորիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Երեք տարի անց` 2017թ. նոյեմբերին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվեց զբաղեցրած պաշտոններից:
Ուսումնասիրելով նախկին դեսպանի` 2017թ. պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը, տեղեկացանք, որ նրա դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ավելի քիչ են եղել` 20 000 ԱՄՆ դոլար:
Իսկ ի տարբերություն նախագահի խորհրդականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի եկամուտների, այդ ժամանակ աշխատավարձից գոյացած եկամուտն ավելի շատ է կազմել` 30 063 ԱՄՆ դոլար: Կենսաթոշակից ստացած եկամուտն էլ կազմել է 561 հազար դրամ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում