Ռոնալդուի հետ լավ հարաբերություններ ունենք. Մոդրիչ
SPORTՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու հավանականության մասին: Մրցանակին հավակնում է նաև Մոդրիչի նախկին թիմակիցը՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն.
«Ուրախ եմ, որ հավակնորդների թվում եմ: Տեսնենք, թե ով կստանա մրցանակը: Անհատական մրցանակները կարևոր են, սակայն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունեն թիմային տիտղոսները:
Ես լավ հարաբերություններ ունեմ Ռոնալդուի հետ: ՈւԵՖԱ-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո խոսել եմ Կրիշտիանուի հետ: Նա ինձ շնորհավորական հաղորդագրություն է գրել և հույս հայտնել, որ շուտով կհանդիպենք: Կրկնում եմ՝ մենք լավ հարաբերություններ ունենք և դրանք կպահպանվեն՝ անկախ նրանից, թե մարդիկ ինչեր են խոսում»,- Մոդրիչի խոսքը մեջբերել է «L’Équipe»-ն:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել ՈւԵՖԱ-ի մրցանակաբաշխությանը, որի ժամանակ Մոդրիչին հանձնել են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Պորտուգալացու բացակայությունից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ֆուտբոլիստների հարաբերությունները լարված են: