Առաջին վեց ամիսների ընթացքում ունեցել են զբոսաշրջության 10,2 տոկոս աճ. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
ECONOMICSՏնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրվել է զբոսաշրջության 10,2 տոկոս աճ:
Հարցին, թե արդյոք աճը պայմանավորված է Հայաստանում տեղի ուենցած իշխանափոխությամբ, նա նշեց, որ թեև ուսումնասիրություն չի անցկացվել, թե զբոսաշրջիկներին ինչն է հետաքրքիր Հայաստան այցելության համար, սակայն ճանաչողական այցերի ժամանակ փոքր հարցումները ցույց են տալիս, որ մեր երկրում կատարված փոփոխությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա:
«Մեր հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Եվրամիության երկրները, բայց նաև աճ կա Լիբանանից, Պարսից ծոցի երկրներից»,-ասաց նա:
Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ կոմիտեի որոշ շեշտադրումների մասին ավելի կոնկրետ շուտով կներկայացվի:
Խոսելով ձեռքբերումների մասին` կոմիտեի նախագահն ասաց, որ Եվրամիության հետ ամբողջացրել են պայմանագիրը, որով նախատեսվում է զբոսաշրջությանը և ինովացիային տրամադրել 13,5 միլիոն դոլար:
«Բանակցություններ ենք վարել և կարողացել ենք ունենալ ձևակերպումներ, որոնք հնարավորություն կտան արդյունավետ տնօրինել գումարները»,-ասաց նա:
Նա նաև հայտնեց, որ Լոս Անջելեսում բացվել է տուրիզմի գրասենյակ: «ԱՄՆ կատարած այցելության ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ամերիկյան զբոսաշրջային օպերատորների և ճամփորդական լրատվամիջոցների հետ: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև պոտենցյալ հովանավորների հետ և արդյունքը Լոս Անջելեսում զբոսաշրջության գրասենյակի բացումն է»,-ասաց նա և նշեց, որ երեք ամսում բավականին աշխատանքներ են տարվել, բազմաթիվ ծրագրեր էլ ընթացքի մեջ են:
Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ ֆրանկոֆոնիայի ժամանակ մոտ հինգ հազար մասնակից են ունենալու, իսկ ընդհանուր զբոսաշրջիկների թիվը դժվար է կանխատեսել: